Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԸ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ

Հասարակություն

Լուսանկարում պատկերված բարձրահասակ ոստիկանը՝ տուժողն է

Էրեբունիի նախնական կալանքի մեկուսարանում Լուսակերտցի Էդգար Առաքելյանին ստիպել են ցուցմունքներ տալ Ստեփան Դեմիրճյանի եւ Արտաշես Գեղամյանի դեմ, մասնավորապես այն, որ նրանք իբր փող են տվել Էդգարին իշխանափոխության կոչեր անելու համար: Այս մասին ամբաստանյալը հայտարեց Կենտրոն, Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում:

Իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկաններ Թարվերդյանը եւ Միրզոյանը երիտասարդի մոտ ցույց են տվել իրենց ողջ «գիտելիքները», հատկապես ծեծելու եւ հայհոյելու ասպարեզում: Ընդ որում ծեծելու ժամանակ կորզելով Էդգար Առաքելյանից իր իսկ ասելով կեղծ ցուցմունքներ:

Սակայն պատահաբար ռադիոյով լսելով, որ իրեն մեղադրում են քրօրի 300 հոդվածով, այսինքն սպառնում են 10-15 տարի ազատազրկմամբ, երիտասարդը նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Եվ ի զարմանս ամբաստանյալի կարճ ժամանակում մեղադրանքը փոխվել է, 300-ը դարձել է 316-ի առաջին մաս, ինչն էլ այսօր դատարանում միջնորդեց մեղադրողը: Ի դեպ «կարճ ժամանակ» ասված հատվածում երիտասարդ ամբաստանյալի վիճակով են հետաքրքրվել Կարմիր խաչը եւ Եվրախորհուրդը:

Էդգար Առաքելյանի դատարանին տված ցուցմունքի ժամանակ դահլիճը բառիս բուն իմաստով տնքում էր: Հատկապես հուզվում էր մայրը՝ Ադելինա Առաքելյանը: Նա անդադար պահանջում էր դատարանից ցույց տալ նաեւ այն կադրերը, որտեղ նախքան ոստիկանին խփելը իր տղան արդեն ենթարկվել էր բռնության:

Սակայն դատավորը՝ Պարգեւ Օհանյանը պարբերաբար լռեցնում էր նրան: Ամբաստանյալի մայրը երեւի տեղյակ չէ, որ այդ կադրերը, որոնք նկարել էր ORT-ի օպերատոր Լեւոն Գրիգորյանը ոչնչացվեցին հենց իրենց ոստիկանների կողմից: