Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵՐ ՕՐԵՐԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հասարակություն

Այսօր Կենտրոն Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսվեց Լուսակերտի 24 ամյա բնակիչ Էդգար Առաքելյանի դատավարությունը: Նա մեղադրվում է ապրիլի 12-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքին մասնակցելու եւ այդ նույն գիշերը ոստիկանների հետ բախման ժամանակ ոստիկաններից մեկին կապրոնե դատարկ շշով հարվածելու համար: Նրա հանդեպ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով:

Էդգար Առաքելյանը դատարանում տված ցուցմունքի ժամանակ հայտարարեց, որ հարվածել է ոստիկանին ելնելով ինքնապաշտպանության բնական մղումից, քանի որ մինչ այդ արցունքաբեր գազով վնասվել էին աչքերը, իսկ մահակի հարվածից ամբողջովին փշրվել առջեւի վերին եւ ստորին ատամնաշարերը:

Հանքային ջրի դատարկ տարայի հարվածից տուժած Սահակ Մարտիրոսյանը ամբաստանյալի պնդմամբ եղել է քաղաքացիական համազգեստով, հակառակ պարագայում ինքը չէր հարվածի նրան:

Տուժողը՝ ոստիկանության զորքերում բաժնի պետ Սահակ Մարտիրոսյանը ընդհակառակը՝ հավաստիացնում է, որ եղել է դաշտային հատուկ համազգեստով, այսինքն կոմուֆլյաժով, անգամ ըստ նրա երեւացել են ուսադիրների աստղերը, որը չգիտես ինչու չի նկատել ամբաստանյալը: Նկատենք, որ այդ ժամին Բաղրամյան պողոտայում լուսավորություն չկար:

Ոստիկանն իր ելույթի ժամանակ դատարանից խնդրեց մեղմ վերաբերվել ամբաստանյալի նկատմամբ, չմոռանալով պնդել, որ շիշն այնուամենայնիվ եղել է լիքը:

Ի դեպ ամբաստանյալի պնդմանը, թե ինքը հարվածել է տուժողի թիկունքին, տուժողն անձամբ չհերքեց, թեեւ դատարանում պարզվեց, որ նախնական կալանքի մեկուսարանում Էդգար Առաքելյանին ստիպել են գրել, որ հարվածել է ոստիկանի գլխին:

Մեղադրական ճառում ՀՀ դատախազության մեղադրող Արա Ամիրզադյանը որպես հիմք ընդունելով ամբաստանյալի խոստովանությունը, որ իրոք հարվածել է, միջնորդեց մեղավոր ճանաչել Էդգար Առաքելյանին 316 հոդվածի առաջին մասով, այսինքն դատապարտել նրան երկու տարի վեց ամիս ազատազրկման:

Դատապաշտպանի ճառը կհնչի վաղը: