Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԵՏԵՎԻՑ՝ ԱՐԴԵՆ ՇՆԵՐՈՎ

Քաղաքականություն

Մայիսի 21-ի հանրահավաքից հետո «Հանրապետություն» կուսակցության Արմավիրի մարզի Հացիկ գյուղի սկզբնական կառույցի ղեկավար Գոռ Մարտիրոսյանի հետեւից ոստիկանությունը եկել է ոչ ավելի, ոչ պակաս՝ շներով:

Հանրահավաքային ծանր օրվա ավարտին Գոռ Մարտիրոսյանը գնացել է տուն եւ հոգնածության պատճառով անմիջապես քնել: Իսկ առավոտյան արթնացել է գյուղով մեկ բարձրացած աղմուկից. մոտ 15 ոստիկան շրջափակել են իրենց տունն ու շանն ուղարկել տան վրա, ասել է, թե Գոռ Մարիտիրոսյանի վրա:

Նկատենք, որ Գոռ Մարտիրոսյանին ոստիկանությունը վաղուց է «փնտրում»՝ հարմար պահին հարմար վայրում բռնելու եւ մի պատկառելի ժամկետ նստեցնելու նպատակով: Նա հանրահավաքների ակտիվ մասնակից է եւ այդ առիթով արդեն մի քանի անգամ իր պատիժը կրել է 5 օր, 10 օր, 3 օր, 7 օր ժամկետով ազատազրկվելով:

Արմավիրի ոստիկանությունը նրան «որոնում էր» նաեւ 2003 թվականի նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո: 2004 թվականին եւս արդեն զազրախոսության համար մի քանի անգամ բերման է ենթարկվել բաժին ու զգուշացվել, կրել իր պրոֆիլակտիկ պատիժն ու մեկուսարանում մնալուց հետո վերադարձել քաղաքական կյանք:

«Զազրախոսությունն այսօր դարձել է հիվանդություն, որ ի հայտ է գալիս ոստիկանների ներկայությունից: Նրանք, ովքեր հակաքոչարյանական մտածելակերպ ունեն՝ այդ հիվանդությամբ են տառապում»,-ասում է Գոռ Մարտիրոսյանը: Մի խոսքով, բազմիցս Գոռ Մարտիրոսյանին «հրավիրել» են բաժին. նա բնականաբար չի ընդունել այդ հրավերներն ու չի ներկայացել ոստիկանություն:

Այս անգամ արդեն Գոռի ետեւից շներ են եկել, իսկ ինքը մի կերպ կարողացել է տան ետեւի պատուհանից ցատկել դուրս եւ ջրերի միջով վազելով, մի կերպ խույս տվել անօրինական իրենց տուն մտնող շներից եւ ոստիկաններից:

Ի դեպ, Գոռ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունը խուզարկության որոշում էլ չի ունեցել, սակայն խուզարկել է իր բնակարանը:

Գոռ Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ ըստ իրեն հասած տեղեկությունների, իր դեմ ուզում են շինծու քրեական գործ հարուցել, այն էլ սպանության հոդվածով: Նա անհեթեթ է համարում նման հնարավորությունը, սակայն նաեւ պնդում է, որ ամեն ինչ այսօր սպասելի է, բայց ինքը պատրաստ է իր անմեղություն ապացուցել: