Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-Ն ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ

Քաղաքականություն

Կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ նախաձեռնությամբ ՀՀ մտավորականներն արդեն երկրորդ անգամ հանդիպեցին Դաշնակցության Գերագույն Մարմնի ներկայացուցիչների հետ՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար:

Ինչպես եւ առաջին անգամ, այսօր էլ մտավորականներից ոմանց հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են իրենց հիշել եւ ինչո՞ւ են կազմակերպվում նմանատիպ հանդիպումները:

Թե ինչո՞ւ կազմակերպվում նմանատիպ հանդիպումները պարզ դարձավ հանդիպման վերջին. «Մենք պետք է գտնենք այն երաշխիքները, որոնք փոփոխությունները պետք է ապահովեն»:

Դաշնակցականները նշում են, որ երկխոսության չկայացման պայմաններում չեն հրաժարվում համաձայնության գաղափարից. «Ինչ որ ֆորմատ պետք է որոնենք, ամեն մի կուսակցություն իր սրտի ուզած 10-15 մտավորականի հրավիրի այս հավաքներին եւ քննարկենք իրավիճակը»:

Արմեն Ռուստամյանի այս մտքին ի պատասխան մտավորականները արձագանքնեցին, որ Հայաստանում այդքան մտավորական չկա եւ երկրորդը. քաղաքական ուժերն էլ պետք է մտավորականների սրտի ուզածով լինեն:

Այնուամենայնիվ, մտավորականները առիթը չկորցրեցին՝ իրենց դժգոհությունն արտահայտելու թե իշխանության եւ թե ընդդիմության գործելակերպից:

Ըստ մտավորականների, իշխանությունները չպետք է գովեստի ակնկալիքներ ունենան այն դեպքում, երբ երկրի բնակչության 80 տոկոսը աղքատության մեջ է:

Նրանց կարծիքով թե ընդդիմության, թե իշխանության մեծագույն սխալներից մեկն այն է, որ երկուսն էլ չեն կարողանում ճիշտ վերծանել ժողովրդի լռությունը, դրա պատճառով էլ հասարակությունը չի հավատում երկու բեւեռներից եւ ոչ մեկին: Մտավորականներն ընդհանուր առմամբ եկան այն եզրակացության, որ ՀՀ քաղաքական դաշտը կայացած չէ եւ այդ ամենը կապված է անկատար Սահմանադրության հետ, որի փոփոխության մասին խոսակցություններն այդպես էլ իրականություն չեն դառնում:

Ի դեպ, որոշ չափով ընդդիմադիրի կեցվածքով հանդես եկավ նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը. «Կայունություն կա երկրում, բայց դրա որակն էլ պետք է փոխել, որ երկիրը բնականոն զարգացման հուն մտնի»:

Չնայած նրան, որ ՀՅԴ - մտավորականներ հանդիպումը տեւեց, գրեթե 2,5 ժամ, այնուամենայնիվ, մտավորականներից ոմանք լուրջ ակնկալիքներ չունեին այդ հանդիպումից:

Որեւէ արդյունքի հասնելու համար, ըստ մտավորականների, անհրաժեշտ է հանդիպել կոալիցիայի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերի հետ: Այլապես միայն ՀՅԴ-ն չի կարող երաժխավորել, որ Իշխանությունը կլսի ՀՅԴ միջոցով իրենց ուղղված մտավորականների ձայնը, ՀՅԴ-ն չի կարող երաշխավորել, որ վաղվանից էլ չեն փակվի Հանրապետության ճանապարհները, ՀՅԴ-ն չի կարող երաշխավորել, որ Բաղրամյան պողոտայում այլեւս չեն հավաքվի մահակներով ոստիկաններ եւ չեն ծեծի ժողովրդին: