Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈ՞Շ

Քաղաքականություն

Ադրբեջանական իրավապահպան աղբյուրները ռուսական «Ռեգնում» գործակալությանը տեղեկացրել են, որ Ստեփանակերտում պահպանվում է ապրիլի կեսերից սկիզբ առած լարվածությունը կապված ընդդիմության հանրահավաքների հետ:

«Էխո» գործակալության տեղեկություններով, կոնֆլիկտի լուծում եւ սոցիալական վիճակի բարելավում պահանջող միտինգավորները ի նշան Ադրբեջանի տարածքում ապրելու ցանկության, հանրահավաքներից մեկում ադրբեջանական դրոշ են բարձրացրել:

Ըստ «Ռեգնումի», Ղարաբաղի հայերի դժգոհությունը, որոնք ստիպված են ապրել պատերազմական շրջանի ծանր պայմաններում, ավելի է ուժգնանում Ադրբեջանի բարեկեցության աճի եւ կայունության պատճառով:

Հայերը լրջորեն մտահոգված են ռազմական գործողությունների վերսկսման վտանգով եւ բանակում մեծ տարածում ստացած թմրամոլությամբ, որի պատճառով զինվորականներն, ըստ «Ռեգնումի», իրենց ողջ աշխատավարձը վատնում են թմրանյութերի ձեռքբերման վրա:

Ստեփանակերտի ԱԳՆ-ն Ռեգնումի թղթակցին հայտարարել է, որ «Էխո» գործակալության տարածած հիշյալ տեղեկությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է եւ սուտ: «Բողոքի ոչ մի ակցիա ոչ մայրաքաղաքում ոչ նրա սահմաններից դուրս չի անցկացվել»:

ԼՂՀ ԱԳՆ-ն վստահեցրել է, որ այս տեղեկությունը տարածել են Ադրբեջանի իշխանությունները: