Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Հասարակություն

Արեգ Գյուրջյանը արդեն 10 տարի օրվա հացի գումարը վաստակում է էժան աշխատուժի շուկայում, որը գտնվում է «Այրարատ» կինոթատրոնի մոտ: «Բանվոր մարդ եմ»,- ասում է Արեգ Գյուրջյանը՝ մանրամասնելով, որ կատարում է ցանկացած աշխատանք իր հինգ երեխաներին պահելու համար:

«Թող ուրիշ աշխատանք լինի, անեմ: Դիպլոմս տանը դրել եմ, եկել եմ այստեղ: Ուրիշ աշխատանք չկա»,- ասում է նա: Արեգ Գյուրջյանն ու նրա ընկերակիցները ամենայն հավանակությամբ այլեւս հնարավորություն չեն ունենա նաեւ այս եղանակով գումար վաստակելու:

Քաղաքային իշխանությունների կարգադրությամբ էժան աշխատուժի շուկան (ֆայլաբազար) «Այրարատ» կինոթատրոնի մոտից տեղափոխվել է կես խաչմերուկ ներքեւ: Չորրորդ օրն է՝ բանվորներն ու արհեստավորները սովորույթի համաձայն գալիս են կինոթատրոնի մոտ, ապա ինչ-որ մարդկանց (որոնք չեն ցանկանում ներկայանալ) ճնշման տակ ցրվում են: «Հատուկ նայողներ են: Ջանով, դրբով տղերք են», - ասաց բանվորներից մեկը՝ նշելով, որ վերջիններս իրենց հրում են, հարվածում,նույնիսկ ծեծում:

Կեսօրին, Ագաթանգեղոսի փողոցում, կրկեսից ոչ շատ հեռու սալահատակին էին նստել տարբեր տարիքի մոտ 10 տղամարդ, որոնք պարապությունից ու եղած աշխատանքից զրկվելու փաստից զայրացած՝ քննարկում էին Հայաստանից հեռանալու հնարավորությունները:

«Շատ վատ տեղ է: Մեքենաները խաչմերուկից այն կողմ չեն թողնում: Բայց կարող է վաղն էլ այստեղ նոր մեկը հայտնվի, ասի աստեղ մի կանգնեք, իմ տերիտորիան է», - իր մտահոգությունը հայտնեց Վազգեն Վարդինյանը: Էժան աշխատուժի շուկայի աշխատակիցները դեմ չեն տեղափոխվել «Այրարատ» կինոթատրոնի մոտից, բայց պայմանով, որ իրենց հատկացվի դրան համարժեք տեղ:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ 2003թ նոյեմբերին «Այրարատ»կինոթատրոնը մասնավորեցվել էր «Նարեկ» ՍՊԸ-ին: Հարակից տարածքի մասին այդ որոշման մեջ ոչինչ չէր նշված: