Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՊԱԿԵՆՏՐՈՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»,-ԱՍՈՒՄ Է ՆԱԽԿԻՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Մշակույթ

2003 թվականի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ մշակույթի նախարարությունը մտահոգված է Հայաստանի մարզերում մշակույթի զարգացումով: Նախարար Ռոլանդ Շառոյանն այսօր կամերային երաժշտության տանը հավաքված մարզպետարանների մշակույթի վարչության պետերին տեղեկացրեց, որ այսուհետ իրականացվելու է «ապակենտրոն մշակութային քաղաքականություն»:

Ամեն ինչ պետք է արվի քիչ գումարներ ծախսելով «թանկ եւ հայեցի միջոցառումներ անցկացնելու համար»,-զգուշացրեց Ռոլանդ Շառոյանը: Նախարարը վարչության պետերին ասաց. «Պետք է մեր հայացքը պետական բյուջեից հեռացնենք եւ գտնենք ֆինանսների այլընտրանքային աղբյուրներ»: Ըստ նախարարության ծրագրավորման եւ համագործակցության վարչության պետ Վահան Բաղդասարյանի, անցյալ տարի պետբյուջեով մշակույթի ֆինանսավորումն իրականացվել է 30 տոկոսով:

Գյումրի քաղաքի ներկայացուցիչ Հասմիկ Կիրակոսյանը երկրում մշակույթի ֆինանսավորման չափն անվանեց վիրավորական: Ըստ տիկին Կիրակոսյանի, մշակույթի հանդեպ պետական քաղաքականության բացակայությունը երեւում է բյուջեով վերջին երկու տարիներին նախատեսված գումարներով: Նա նշեց, որ ամեն մարզի համար անցյալ տարի նախատեսված 3 միլիոն դրամն այս տարի իջել է 2 միլիոնի:

Մարզերի ներկայացուցիչները բողոքեցին նաեւ, որ այս տարվա եռամսյակի գումարները դեռեւս չեն ստացել, սակայն արդեն կազմակերպել են մի շարք միջոցառումներ: Նախարարության աշխատակազմի ղեկավարը ներկաներին տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է իրականացնել «Մարզի օր մայրաքաղաքում» ծրագիրը: Այս միջոցառման իրականացմանը համար պարոն Մանասյանը նախարարության անունից խոստացավ օժանակել «ցուցասրահների, համերգասրահների, ազդագրերի, լրատվամիջոցների հետ կապված բոլոր խնդիրներով»: Միջոցառման հետ կապված մնացած խնդիրներն, ըստ նրա, «բնականաբար հոգալու է մարզը»:

Ի դեպ, ըստ Ռոլանդ Շառոյանի, առաջիկայում նախարարությունը կզբաղվի գրադարանները, թանգարանները եւ թատրոնները ապակենտրոնացված մշակութային քաղաքականության մեջ ներգրավելու խնդրով: