Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Արամ Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արտաշես Գեղամյանի: Փաստն ինքնին աննախադեպ է. նախկինում երբեւէ մի քաղաքական գործիչը մյուսից դատարանի միջոցով պատիվ չէր պահանջել: Պաշտոնական քարոզչամիջոցներում փաստն ուռճացվում է եւ ներկայացվում իբրեւ ընդդիմադիր ճամբարի ճեղքվածք: Իրականությունը, սակայն, միանգամայն այլ է:

Ի հեճուկս մտքի ամենաճկուն վարժանքների, քաղաքականությամբ քիչ թե շատ հետաքրքրվողները չեն մոռացել, որ Գեղամյանի եւ Կարապետյանի ջրերը երբեք էլ մի առվով չեն հոսել, նրանք երբեւէ չեն եղել թիմակիցներ կամ դաշնակիցներ: 2003-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կարապետյանն, այո՛, «Արդարություն» դաշինքում էր: Նա Ստեփան Դեմիրճյանի հետ գործակցում էր նաեւ նախագահի ընտրությունների երկրորդ փուլում: Այդ պահին, եթե հիշենք, եղամյանը «Երրորդ ուժի» կարգավիճակում էր. նրա ղեկավարած «Ազգային միաբանությունն» ու «Արդարությունը» փոխադարձաբար միմյանց մեղադրում էին իշխանության հետ համագործակցելու մեջ: Այսօր էլ, երբ Գեղամյանն է սերտ հարաբերությունների մեջ դաշինքի հետ, իրեն «Երրորդ ուժ» է երեւակայում Արամ Կարապետյանը:

Կարելի է կռահել, թե որն է Գեղամյանի ու Կարապետյանի անհամատեղելիության իրական պատճառը: Նրանք երկուսն էլ ռուսամետ գործչի համարում ունեն. կարող են աջակցություն ստանալ Ռուսաստանից եւ խաղագումարը դնելու են մոտավորապես նույն ընտրազանգվածի վրա: Այլ կերպ ասած` նրանք քաղաքական դաշտի նույն տիրույթն են փորձում զբաղեցնել, ընտրությունների ժամանակ իրարից են ձայներ փախցնելու: Կարելի՞ է պատկերացնել, օրինակ, որ սոցիալիստական ուղղվածության երկու կուսակցություն որեւէ լիբերալ ուժի ատեն այնքան, որքան իրար: Հնարավոր չէ. լիբերալն իրենց հաշվին չի գոյատեւում: Նույն պատկերն է Գեղամյանի եւ Կարապետյանի պարագայում:

Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ առաջիկայում սուր հակասություններ կծագեն, օրինակ, Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Դարբինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ու այդ երկուսի միջեւ: Արթուր Բաղդասարյանն էլ, հավանաբար, միակը չի լինի Ֆրանսիայի սերը վայելող գործիչների թվում: Այս ամենը նշանակում է, որ գալիք ընտրությունների (դեռ պարզ էլ չէ` հերթական, թե արտահերթ ընտրությունների) մեկնարկը տրված է: Մեզ կարող է մխիթարել սոսկ այն, որ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների համար Հայաստանը դեռ ինչ-որ բան նշանակում է, դեռ մեզանով հետաքրքրվում են, փորձում են մեզ իրենց ազդեցության ոլորտում պահել:

Ցավոք, սակայն, ՀՀ-«դուրս» հարաբերություններն այսօր մեր օգտին չեն զարգանում, այլ` մեր հաշվին: Եթե հստակ ձեւակերպված լիներ մեր ազգային անվտանգության հայեցակարգը, հստակ գիտակցվեր, թե ինչ է մեզ հարկավոր, թերեւս հնարավոր լիներ տարբեր պետությունների հետ կոմպլեմենտար կապերից լուրջ օգուտներ քաղել: