Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԻԲԻՐԱԽՏԻ ՀԱՄԱՐ ԴԵՌ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂ ՉԿԱ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ մի դեպք, որն ըստ մասնագետների, կարող էր լինել հազարից մեկ: Այդ «հազարից մեկը» պատահեց Շիրակի մարզում, երբ հակասիբիրախտի հայկական պատվաստանյութից հետո բավական չէ սիբիրախտով հիվանդացան եւ սատկեցին կենդանիներ, այլեւ առողջապահության նախարարությունը գրանցեց սիբիրախտի մեկ դեպք` 41 տարեկան մի մարդու մոտ:

Բարեբախտաբար այդ մարդու մոտ հիվանդության մաշկային տեսակն էր, այսինքն` համեմատաբար թեթեւ դրսեւորում: Ներկայում իրադարձությունները ծավալվում են հետեւյալ կերպ. քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզային դատախազությունում եւ պատվաստանյութը տրվել է փորձաքննության:

«Այնտեղ կոնկրետ ասել, թե ինչը-ինչոց է, դժվար է: Բայց այստեղ դեր է խաղացել եւ վակցինան, եւ տարվա եղանակը, եւ անասունների օրգանիզմի վիճակը տվյալ պահին: Սա խառը պրոցես է, որի արդյունքում մենք ունեցել ենք սիբիրախտ հիվանդությունը», - ասում է Անասնաբուծության, անասնաբուժության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման եւ գրանցման գործակալության տնօրեն Գրիգոր Վաղիյանը:

Գրեթե նույն բանը հայտարարել էր նաեւ յուղատնտեսության նախարարը: Փաստորեն, արդեն հստակ նշվում է, որ սիբիրախտի դեպքի համար տվյալ դեպքում պատասխանատու է պատվաստանյութ արտադրող կազմակերպությունը, որը Հայաստանում այդ պատվաստանյութն արտադրել է 5 տարի շարունակ:

Սիբիրախտի դեպքը, սկայան, առայժմ չճշտված չափի վնաս է հասցրել ոչ միայն գյուղացիներին եւ վարակված մարդուն, այլեւ բացասական ազդեցություն կունենա գործարանի աշխատանքի վրա. «Վակցինայի արտադրությունը եւ օգտագործումը դադարեցված է, երեւի հետագայում այն կվերադարձվի արտադրողին», - հավաստիացնում է պարոն Վաղիյանը:

Ի դեպ, հակասիբիրախտի պատվաստումները ՀՀ տարբեր մարզերում շարունակվում են, թեեւ գյուղացիները ոչ միշտ են հավատում մասնագետներին: «Մյուս գյուղերում տեղի է ունենում հակասիբիրախտի վակցինացիա, բայց ռուսական վակցինայով: Վախը կա, բայց մասնագետների կողմից համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում: Ավելի ուժեղ վախը հետագայում կլինի, եթե կենդանիները չսրսկվեն եւ հիվանդությունը տարածվի», - վստահ է անասնաբուծության, անասնաբուժության գործակալության տնօրենը: