Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

Հասարակություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Այսօր տարբեր երկրներում հրատարակվում է գրականություն, որ ընթերցողին «տեղեկացնում է», թե իբր 1918թ. հայկական պետության ստեղծումը թուրքական շնորհ էր: Իրականում հայ ազգը նվաճեց Անկախությունը մայիսի 21-26-ը տեղի ունեցած հերոսամարտերում:

Հաշվի չառնելով 1917 թվականի դեկտեմբերին Երզնկայում կնքված զինադադարը, օգտվելով նաեւ այն հանգամանքից, որ զինադադարի գիծը հեռու էր ներկայիս հայ-թուրքական սահմանագծից, թուրքական բանակը երեք ուղղություններով անցել էր լայնածավալ հարձակման:

Հարավային ուղղությունը դեպի Արարատի, Էջմիածնի եւ Երեւանի կողմն էր, միջանկյալ ուղղությունը` Բաշ- Ապարանի եւ երրորդը` Ալեքսանդրապոլ-յումրի գծով դեպի Ղարաքիլիսա-Վանաձոր, որտեղից էլ թուրքական բանակը պետք է շարժվեր դեպի Թիֆլիս` այն ժամանակվա Կովկասի կենտրոնը: Այդ երեք ուղղություններում Թուրքիան կենտրոնացրել էր բավական մեծ զինուժ եւ զինտեխնիկա:

Թեեւ ագրեսորի արշավն ուղղված էր ողջ Անդրկովկասի դեմ, դիմակայողը, սակայն, հայ ժողովուրդն էր միայն: Հայաստանի ռազմաքաղաքական, ազգային եւ հոգեւոր ղեկավարների կողմից կազմակերպվեց ինքնապաշտպանություն, որի արդյունքում մարտերը կենտրոնացան միայն Սարդարապատում, Ապարանում եւ Ղարաքիլիսայում: Հայոց կանոնավոր բանակի, աշխարհազորի եւ հոգեւորականների հերոսական պայքարի արդյունքում հայերը մեծ հաղթանակ տարան: Մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն:

Մայիսյան հերոսամարտերին փառաբանություններից բացի, տրվեցին տարաբնույթ գնահատականներ: Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Ավագ Հարությունյանը ընդգծեց հատկապես խորհրդային իշխանությունների տված գնահատականը, որն ըստ նրա «բավականին տարբերակված եւ միակողմանի է եղել»:

Միայն մասնակի, այն էլ կարեւորելով մի քանի բոլշեւիկների մասնակցությունը` խորհրդային իշխանությունը թույլ է տվել գովերգել միայն Սարդարապատի հերոսամարտը` ստվերելով մյուս երկուսը: Կոմունիստներն ամեն ինչ արել են մոռացության մատնելու համար հատկապես Ղարաքիլիսայի հերոսամարտը, քանի որ չէին կարող անտեսել «հակասովետական տարրեր» Դրոյի եւ Գարեգին Նժդեհի անունները:

Եթե Սարդարապատի ճակատամարտը, որի մասին Սովետական Հայաստանում խոսվեց միայն 1965 թվականին, այն էլ Եղեռնի հիսնամյակը նշելուց հետո միայն` կոտորածից փրկեց արարատյան ողջ դաշտավայրը, Էջմիածինը, Երեւանը, ապա Ղարաքիլիսայի ճակատամարտը ունեցավ ոչ միայն հայկական, այլեւ կովկասյան նշանակություն: երմանացի եւ թուրք տեսաբանների խոստովանությամբ, եթե հայերը չկարողանային դիմակայել Ղարաքիլիսայում, ապա դեպի Թիֆլիս եւ հյուսիսային կովկաս մոտք կբացվեր Թուրքերի առաջ: Իսկ, որ ամենակարեւորն է թուրքերի համար վեց ամսով հետաձգվեց Բաքու մտնելը:

Իրենց գնահատականներում խորհրդային իշխանություններից գրեթե չի տարբերվել սփյուռքը, ասում է Ավագ Հարությունյանը: Ավանդական կուսակցությունների միջեւ եղած թշնամանքը եւ անհանդուրժողականությունը երեկ էլ, այսօր էլ ցույց է տալիս իր իրական դեմքը: Յուրաքանչյուրն իրեն է փորձում վերագրել հայ ժողովրդի տարած հաղթանակները:

Ծանոթ իրավիճակ է, այնպես չէ՞: Մի՞թե Ղարաբաղի ազատագրումն իրենց չեն փորձում վերագրել այս, կամ այն կուսակցությունները, իշխանությունը, կամ քաղաքական ինչ-ինչ ուժեր, մոռանալով ամենակարեւորը` հաղթանակը: Մայիսյան հերոսամարտի մասին թուրքական բանակի գեներալ Վեհիբ Փաշան ժամանակին ասել է` «հայերը ապացուցեցին, որ իրենք աշխարհի լավագույն զինվորներն են»:

Մայիսյան հերոսամարտերը մեր բոլորի հաղթանակն են եւ թող չփորձեն ոմանք սեփականաշնորհել այն:

Հեղինակ՝ Սաթենիկ Կիրակոսյան