Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ԿԱՆ

Հասարակություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Եվրոպայի խորհուրդը Հայաստանից պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց: Սա ամրագրված է անգամ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւում: Հայաստանի իշախանությունները պատճառաբանում են, թե ընդդիմության հանրահավաքի մասնակիցները ձերբակալվել են ոչ թե քաղաքական հայացքների, այլ հասարակական կարգուկանոնը խախտելու համար, ասենք օրինակ` «պլաստմասայե շշով ոստիկանին հարվածելու համար»: Կա՞ն Հայաստանում քաղբանտարկյալներ. այս հարցն ուղղեցինք մեր համաքաղաքացիներին:

40-ին մոտ տղամարդ ( չցանկացավ ներկայանալ)
Քաղբանտարկյալներ Հայաստանում կան, ինչքան ուզեք: Մեր ամբողջ ժողովուրդն է քաղբանտարկյալ: Բոլորս ազատ բանտարկյալներ ենք մեր երկրի մեջ:

Կիմա Մկրտչյան (քիմիկոս)
Իհարկե կան: Միանշանակ` Արամազդ Զաքարյանը, Սուրեն Սուրենյանցը, Վաղարշակ Հարությունյանը, որոնց որ ճանաչում եմ: Նրանք անխոս քաղբանտարկյալներ են կախված քաղաքական վերջին իրադարձությունների հետ: Նրանք իրենց քաղաքական հայացքների համար են ձերբակալվել: Ի դեպ, Հայատանում ներկայումս ոչ միայն այդ հայացքների համար են ձերբակալում, այլեւ անօրինություններն այնքան շատ են, որ որ ոչ ոք չգիտի, որ այսօր տանից դուրս եկավ, վերադառնալու՞ է տուն , թե՞ կհայտնվի մեկուսարանում:

Օվսաննա Հարությունյան (բուժքույր)
Ընդդիմության ցույցերի ժամանակ ձերբակալվածներին չպետք է քաղբանտարկյալներ համարել: Նրանք իրենց քաղաքական հայացքների համար չեն ձերբակալվել: Նրանք են իսկական քաղբանտարյալաները, որոնք իշխանության դեմ են դուրս եկել սեփական գաղափարներով, պայքարել են եւ միշտ էլ պայքարելու են իրենց նպատակներին հասնելու համար: Իսկ այսօրվա ցույցերին մասնակցողների մեծ մասը ինչ-որ մի այլ դրդապատճառով են հայտնվում հրապարակում:

Վանիկ Ասատրյան (ինժեներ-էլեկտրիկ)
Անպայման կան: Նրանք, ովքեր կառավարությանը դեմ են, ձերբակալվում են: Քաղաքական հայացքների եւ գաղափարների համար են ձերբակալում: Ուղղակի անունով որեւէ մեկին այս պահին չեմ կարողանում հիշել:

Գործարար (չցանկացավ ներկայանալ)
Ներկա դրությամբ, ում ընդդիմության ցույցերի ժամանակ ապօրինի ձերբակալել են, քաղբանտարակյալներ են: Ձերբակալում են, հետո էլ չես իմանում, թե ինչ պոչեր են կպցնում:

Պատրաստել է Կարինե Ասատրյանը