Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԼՎԱ ԱՍԵԼՈՎ՝ ԲԵՐԱՆԴ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ

Տնտեսություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

,,Հայաստանի Կենտրոնական Բանկը հստակ վերահսկում է մոնետորային եւ գնային կայունությունը, իսկ առկա ցածր ինֆլյացիան առհասարակ հազվադեպ երեւույթ է անցումային տնտեսությամբ երկրների համար...,,(պաշտոնական աղբյուրներից)

Գնաճի արհեստական զսպման եւ դրամի արժեզրկման վտանգները ժամանակավորապես վերացել են. հանրապետության ոսկե պահուստը հաջող վաճառված է։ Սակայն առկա է եւ իր ժամին է սպասում մի այլ վտանգ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերից կախման մեջ գտնվող ՀՀ պետական ֆինանսների համակարգի անկայունությունը։ Ուշադրություն դարձնենք. ըստ էության Համաշխարհային բանկի վարկերը ուղղված են բյուջեի ճեղքվածքները փակելուն, այնինչ պետք է ուղղված լինեին կառուցվածքային բարեփոխումներին, օրինակ, շուկայական տեղեկատվության համակարգի կազմակերպմանը։ Այդպիսի համակարգը հնարավորություն է տալիս շուկայի մասնակիցներին Ինտերնետի միջոցով իրազեկվել արտադրանքի պահանջարկի մասին, ելք է ապահովում Եվրոպայում, ԱՄՆ-ում, այլ երկրներում նմանատիպ համակերգեր։ Սա տարրական օրինակ է բազային ծառայության, որը կառավաթյունը պետք է առաջարկի իր տնտեսության զարգացումը խթանելու համար։

Նշենք միայն այն գործոնները, որոնցով կարելի է դատել ՀՀ պետական ֆինանսների համակարգի անկայունության մասին։ Առաջինը տնտեսվարող սուբյեկտներից ապագա ժամանակահատվածների հաշվին հարկային մուծումներով կանխավճարներ պահանջելն է: Այդպիսով, յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջում կառավարությունը սադրում է ձեռնարկությունների պարտքերը, ինչպես նաեւ կոռուպցիայի կայուն գոտի է ստեղծում հարկային կառույցի համար։

Երկրորդ բացասական գործոնը արտահանողներին ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի ձգձգման պրակտիկան է, եւ նույնատիպ գոտու ստեղծումը այդ թվում եւ մաքսային կառույցի համար։

Երրորդ գործոնը բյուջետային ծախսերի մասով պարտքն է, որը վնասում է «անպաշտպան» ոլորտները՝ առողջապահությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը։ Կան պարտքեր աշխատավարձերի, թոշակների եւ սոցիալական հատկացումների մասով։

Ընդհանուր առմամբ հավաքվում է մոտ 100 մլն դոլարի կարգի պարտք։ Սա հսկա «պակասորդ» է, որը միայն մասամբ է կարող ծածկվել ՀԲ եւ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերով։ Կառավարությունը պետք է դադարեցնի բացահայտ ռեկետով զբաղվել եւ ձեռնարկությունները անտանելի պայմանների մեջ դնել։ Այլապես այդ խրոնիկ բյուջետային հիվանդությունը կշարունակվի եւ ոչ մի լավ բանի չի բերի։ Պետությունը պետք է տնտեսվարող սուբյեկտներին վստահություն հայտնի, պետք է դադարեցնի նրանց ահաբեկել հարկային մահակով, պետք է լրջորեն ցածրացնի հարկային դրույքները` հարկային բազայի ընդլայնման եւ ձեռնարկությունները ստվերից դուրս բերելու նպատակով։ Այդպիսի քաղաքականության հետեւանքները, տնտեսության ոլորտների յուրահատկությունից ելնելով, կարտահայտվեն 3-4 տարի հետո, սակայն դա միակ ճիշտ ճանապարն է։

Հայաստանում Տարադրամի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության անցկացրած հարցման ընթացքում գնահատվում էր կոռուպցիայի ընկալումը 95 խոշոր ձեռնարկությունների եւ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Հարցվածների մեծամասնությունը ամենածախու հաստատությունների թվում նշել է ոստիկանությունը, հարկային եւ մաքսային մարմինները եւ դատական համակարգը։

Ձեռնարկությունների ներկայացուցիչների խոսքերով, ամենախոշոր չափերի կաշառքը տրվում է հարկային ստուգումների եւ ապրանքների մաքսային ձեւակերպման ժամանակ։ Հարցվածների 67 տոկոսը ՀՀ հարկային համակարգն անտրամաբանական են համարում: Լուրջ անվստահություն կա դատարանների նկատմամբ. հարցվածների ավելի քան 80 տոկոսը դատական համակարգը համարում են ամենաանվստահելի ինստիտուտ։ Բացի այդ, համեմատական ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենակոռումպացված երկրների խմբում է, հատկապես վարչական կոռուպցիայի տեսանկյունից։ Տարբեր ուսումնասիրությունների գնահատմամբ, 1990-ից 2001թթ ժամանակահատվածում շուրջ 900 000 հայ լքել է հայրենիքը։ Արտագաղթածների գրեթե 2/3-ը կազմում են ակտիվ աշխատանքային եւ վերարտադրող տարիքի կրթված, արհեստավարժ մարդիկ։ Եթե նման միտումը պահպանվի, երկիրը կզրկվի երկարատեւ զարգացման հիմնական ռեսուրսներից։ Դեռեւս 2002-ին ստացված USAID տվյալները վկայում են, որ մնացած բնակիչների 40 տոկոսը մտածել է արտասահման մեկնելու մասին, իսկ 16 տոկոսը հավանաբար կլքի Հայաստանը մոտակա 3 տարվա ընթացքում։

Վիճակագրական եւ տնտեսական-վերլուծական հրատարակությունների նյութերի հիման վրա պատրաստեց ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ