Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՈՒՏՆ ՈՒ ԿԵՂԾԻՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Այսօր շատերն են ընդդիմությանը մեղադրում անհամաձայնեցված հայտարարությունների ու գործողությունների համար: Սակայն եթե ընդդիմության անհամաձայնեցված գործելակերպը սահմանափակվում է մատենադարանի հարթակով եւ սպառնում վերջինիս հեղինակազրկմանը, ապա իշխանությունների անհամաձայնեցված գործողություններն պարունակում են ստրատեգիական վտանգ եւ սպառնում են երկրի վարկանիշին:

Իսկ որ հայրենի իշխանությունները, հատկապես վերջին շրջանում, գործում են խիստ անհամաձայնեցված, դա փաստ է. թերեւս համաձայնեցված են գործում միայն մարդ ծեծող ոստիկաններն ու ծեծվողների դեմ քրեական գործեր հարուցող դատախազը: Իսկ հակասությունների փաստերը բազմաթիվ են. մասնավորապես, կոալիցիայի կողմ հանդիսացող ՀՀԿ-ն՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, համաձայն չէ ընդդիմության ու Եվրախորհրդի այն պնդումների հետ, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունում է, որ կան քաղբանտարկյալներ եւ գտնում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով հնարավոր է քաղաքական համաձայնության գալ եւ նրանց ազատ արձակել:

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ ԵԽ ԽՎ բանաձեւում նշված պահանջները պետք է անհապաղ կատարել, իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ Եվրախորհուրդը «պոլիտբյուրո» չի, որ անհապաղ կատարվեն նրանց պահանջը:

Վարդան Օսկանյանը հայտարարում է, որ անշեղորեն գնում են ժողովրդավարության ճանապարհով, իսկ Դավիթ Հարությունյանը խոստովանում է, որ դատարանները անկախ չեն: Դատախազը քրեական գործ է հարուցում քաղաքական կուսակցությունների դաշինքի դեմ, իսկ հանրապետական պատգամավորները զարմանում են, որ ժողովրդավարական երկրում հնարավոր է քաղաքական կուսակցությունների ու նրանց համակիրների դեմ գործ սարքել:

Ռոբերտ Քոչարյանը հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը հաշվի առնելով չի մասնակցելու Ստամբուլում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, իսկ Վարդան Օսկանյանը հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել սահմանը: Դաշնակցականներն ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարում են, որ հայն եւ ադրբեջանցին կենսաբանորեն անհամատեղելի են, իսկ հայ սպաները կոտորվելով նետվում են Բաքու՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառմանը մասնակցելու համար: Ռոբերտ Քոչարյանը առիթը բաց չի թողնում սիրաշահելու Ռուսաստանին, իսկ Օսկանյանը հավասարակշռված քաղաքականությանն ուղղված ջանքեր է թափում, կոմպլեմենտարություն է խաղում:

Սակայն առկա են ոչ միայն հակասական կարծիքներ ու գործողություններ, այլեւ լուրջ տարաձայնություններ. Արթուր Բաղդասարյանը Դավիթ Հարությունյանին մեղադրում է չարաշահումների մեջ, վերջինս ԱԺ նախագահին ու ընդհանրապես խորհրդարանին՝ պոպուլիզմի մեջ: Դատախազությունը վերեւների հրահանգով անգրագետ գործեր է սարքում քաղաքական կուսակցությունների եւ ընդդիմադիր գործիչների դեմ, իսկ Դավիթ Հարությունյանը բնականաբար չի ցանկանում դրանք մեկնաբանել:

Այս մարդիկ կամ իրար հետ չեն շփվում, կամ արդեն յուրաքանյուրն իր խաղն է խաղում, կամ բոլորն իրենց հերթին ստում են: Սուտն այսօր դարձել է քաղաքական կատեգորիա: Ստում է մամուլը /որոշ բացառություններով/, ստում է հեռուստատեսությունը, ստում են քաղաքական գործիչները, ստում են իրավապահ մարմինները, ստում են քննիչները, ստում է կոալիցիան: Վերջինս բացահայտ իրողությունները խեղաթյուրում է հասարակությանը ներկայացնելիս. մասնավորապես, երբ ստում է, երբ ասում է քաղբանտարկյալներ չկան, իսկ երկիրը զարգանում է ժողովրդավարությանը համահունչ, ստում է, երբ հայտարարում է, որ բանակցությունները չեն կայացել ընդդիմության պատճառով, այնինչ, ընդդիմությունը ընդառաջ գնաց իշխանություններին՝ 10 օր ոչինչ չձեռնարկելու պայմանով, որպեսզի կատարվեն ԵԽ որոշ պահանջներ՝ մասնավորապես, ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Սակայն դա չարվեց:

Ընդդիմությունը մեղավոր չի, որ իշխանությունը քաղաքական կամք չունի երկիրը ժողովրդավարական ուղով տանելու համար: Նաեւ մեղավոր չի, որ հասարակությունը չի տեղեկանում երկխոսության ձախողման իրական պատճառների մասին: Բայց ամենացավալին այն է, որ ստախոսում է նաեւ երկրի փաստացի ղեկավարը, «Զերկոլոյին» տված հարցազրույցում ասելով, թե մեր ընդդիմությունը սկսեց պայքարել Վրաստանի ընդդիմության գործողություններից ոգեւորված. այնինչ, երբ Հայաստանի ընդդիմությունը պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, Վրաստանի ամենաընդդիմադիր գործիչներից Նինո Բուրջանաձեն Շեւարդնաձեի կառավարման ռեժիմում երկրի երկրորդ դեմքն էր, իսկ Միխայիլ Սահակաշվիլին՝ նույն ռեժիմում Արդարադատության նախարար: