Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՈՂԸ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՉԷ

Քաղաքականություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Ի՞նչ էր անում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը վերջին օրերին Ստրասբուրգում:

Հանդիպումների ժամանակագրությանը ծանոթանալուց եւ պաշտոնական հաղորդագրությունների նյութերն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում. Արթուր Բաղդասարյանը փորձում է խաբել եվրոպացիներին, փորձում է խաբել թուրքերին եւ փորձում է իր դերն ամրապնդել Հայաստանի քաղաքական դաշտում: Հարավկովկասյան երկրների ԱԺ նախագահները եվրոպացիների պնդմամբ մասնակցեցին մի ֆարսի, ինչպիսին էր Կովկասյան կայունության պակտի ստորագրման եւ Հարավկովկասյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ստեղծման խնդրի քննարկումը: Ակնհայտ է, որ այդ ամենը ժամանակի զուր կորուստ է, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրադարձություններից առաջ ընկնելով արդեն հայտարարել է, որ վերոնշյալ պակտի ստորագրումն ու կիրառումն անիմաստ է, մինչեւ չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրը:

Ի դեպ, համաժողովում ելույթ ունենալու ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ ժողովրդավարությունը իրականում որեւէ ժամանակ այլընտրանք չունեցող հեռանկար է եւ ի վերջո միշտ էլ հակաժողովրդավարական ուժերը հեռանում են քաղաքական ասպարեզից, ինչի բազում ապացույցներ է տվել Եվրոպայի պատմությունը:

Արթուր Բաղդասարյանի ստրասբուրգյան գործողություններից առավել հատկանշական են այն երկկողմանի հանդիպումները, որոնց ընթացքում շոշափվել է հայաստանի ներքաղաքական խնդիրը: Այն դեպքում, երբ մայիսի 13-ին արդեն հայտարարվել էր, որ ընդդիմության եւ իշխող կոալիցիայի միջեւ քաղաքական կոնսուլտացիաները դադարեցվում են, ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չսկսված արդեն սպառվեց եւ այդ բոլոր հայտարարություններին լավատեղյակ են Հայաստանում աշխատող եվրոպական կառույցները, ՀՀ ԱԺ նախագահն առանց ամաչելու Եվրոպայում ուղիղ հակառակ հայտարարություններ է անում: Նա ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ առաձնազրույցի ընթացքում նշել է, որ ընդդիմության հետ սկսվել են քաղաքական բանակցություններ, որոնց միջոցով պետք է լուծվեն խնդիրները: Պարոն Շվիմերն էլ նշել է, որ ինքը հավատում է երկխոսությանը եւ կարծում է, որ ԵԽԽՎ բանաձեւն էլ երկխոսության կայացման խթան էր: Ի դեպ, ՀՀ ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության մասին նշվել է նաեւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի եւ ԼՂ հարցով ԵԽԽՎ զեկուցող Թերի Դեւիսի հետ հանդիպումների ժամանակ: Ձեռքի տակ ունենալով Հայաստանին վերաբերող ԵԽ ԽՎ ապրիլյան կոշտ բանաձեւը եւ մինչեւ հիմա չիրականացնելով այդ բանաձեւում առկա պահանջներից ոչ մեկը` Արթուր Բաղդասարյանը Ստրասբուրգում, այնուամենայնիվ, հայտարարել է. «Հայաստանը հետեւողական է կատարելու Եվրախորհրդին անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունները, որոնց մեծ մասն արդեն իսկ կատարված է, իսկ մնացած մասը կատարվում է համաձայն հաստատված ժամանակացույցի»:

Արթուր Բաղդասարյանի ուշագրավ հանդիպումներից է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ 1,5 ժամ տեւած առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են սահմանների բացման, ցեղասպանության ճանաչման, հողային պահանջատիրության եւ այլ հարցեր: Խորհրդարանների նախագահների այդ հանդիպմանը բավական հանգիստ գնահատական է տալիս ՀՅԴ բյուրոյի «Հայ Դատի» հանձնաժմբի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա խուսափեց հստակ գնահատականներ տալ առանձնազրույցին, քանի որ հանդիպման մանրամասների մասին գոյություն ունի միայն պաշտոնական հաղորդագրություն, «որը ցույց է տալիս, որ հանդիպումը նորմալ է եղել»: Հողային պահանջատիրության առումով Թուրքիայի խորհրդարանի նախագահի ակնարկը ՀՀ Սահմանադրության մասին, ըստ Կիրո Մանոյանի, անհասկանալի է. «չգիտեմ ինչ նկատի ունի, երեւի անկախության մասին հռչակագիրը, ասելով, որ այնտեղ հողային պահանջներ կան»: Ընդհանրապես պարոն Մանոյանը հավանության արժանացրեց Արթուր Բաղդասարյանի այն արտահայտությունը, որ հողային պահանջատիրություն չկա ՀՀ արտաքին քաղաքականությունում այսօր: Պարոն Մանոյանը հատկապես շեշտեց այսօր բառը: Ինչ վերաբերում հայ-թուրքական սահմանի բացմանն, ապա ՀՅԴ բյուրոյի «Հայ Դատի» հանձնախմբի ղեկավարը համարում է, որ հետագայում, եթե հատուկ հանդիպում կազմակերպվի Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների ղեկավարների միջեւ «ապա նախ պետք է հստակեցվի, թե ինչի՞ համար են այդ հանդիպումները տեղի ունենալու եւ ինչ նպատակով: Իսկ սահմանների բացման հարցը քննարկելու համար ԱԺ նախագահները չէ, որ հանդիպելու են»:

Հեղինակ՝ Լենա Բադեյան