Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՌՈՒՍՏԱՖԱՇԻԶՄ ԸՆԴԴԵՄ «ՆՐԱՆՑ»

Մշակույթ

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

«Հ1-Երեւանը» երաժշտական այսպիսի մի խորագիր ունի՝ «Մենք եւ նրանք»: Մայիսի 17-ին ես պարզեցի, թե «Հ1-Երեւանն» ինչը նկատի ունի՝ «մենք»-ը Քրիստինե Պեպելյանն է, իսկ «նրանք»-ը՝ Ջոն Լենոնը:

Ռուսական «ՄՈՒԶ-ՏՎ»-ն այդպիսի մի խորագիր ունի «Մերոնք»: Ռուսները երաժշտության մեջ «նրանք» տարբերակը չունեն: Այսինքն այդքան շովինիստ չեն, որ իրենց Ագուտինին հակադարձեն, ասենք, Օզի Օզբորնով: Մշակույթի մեջ ի՞նչ «նրանք»: Դա քաղաքականություն չէ: Թուրքերն էլ են «նրանք», Ջոն Լենո՞նն էլ:

Ընդհանրապես, ինչ վերաբերվում է մեր երաժշտությանը: «ԱԼՄ»-ով կտեսնեք եւ մեզ, եւ նրանց, երկու դեպքում էլ մեր կատարմամբ: Տիգրան Կարապետյանն իր անձնական օգտագործման հեռուստաընկերությունում գեղարվեստական ֆիլմերի բացակայությունը կոմպենսացրել է գոմաղբի մշակույթով: Կարապետիչը ֆաշիստ չէ եւ մեծ տարբերություն չի դնում Քրիստինե Պեպելյանի եւ Մարտունու ինչ-որ գյուղի Լեւոնի միջեւ: Կարապետիչը չունի մենք եւ նրանք: Նրա համար նրանք են միայն հայ քաղաքական գործիչները: Ինքը եւ նրանք:

Մայիսի 11-ին «Հարցի արժեքը» հաղորդման ժամանակ ահա այսպիսի զրույց է տեղի ունենում Կարապետիչի եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի միջեւ: «Դուք աստծուն չեք հավատում»,-իր հյուրին ասաց Տիգրան Կարապետյանը: «Չէ, ինչի՞, հավատում եմ»,-հակադարձեց Արամ Հարությունյանը: «Տո լավ է»,-անմիջապես վրա բերեց Տիգրան Կարապետյանը:

Մի քանի օր առաջ հեռուստադիտողներից մեկը զանգել էր եւ Կարապետիչին ասում էր. «Դու Աստծո ախպերն ես»: Մեկ ուրիշը, այս դեպքում բանաստեղծ, հեռախոսով կարդում էր. «Հայաստանի բալիկն ես դու»:

Կարապետիչը, մենք գիտենք, հաճախ է գյուղեր գնում: Գյուղերից մեկում նա հանդիպեց մարդկանց հետ եւ եթերում գյուղացիներից մեկը նրա պատվին երգեց` ելիր դաշնակ Դրո, բազկիդ ուժը բեր: Կարապետիչը լսում էր: Նա գիտե՞ր արդյոք, թե որտեղից պիտի ելնի Դրոն: Եվ եթե ելներ, էլ ու՞մ էր պետք Կարապետիչի գյուղ գնալը, եթե կենդանի մարդը դիմացները կանգնած, գյուղացիք պահանջում են, որ Դրոն ելնի գերեզմանից: Դեռ բազկի ուժն էլ հետը բերի:

Գրողի ծոցը, թե Տիկոն ինչեր է անում, ցավն այն է, որ նա այս անհեթեթություններն անում է «Օրեցոր»-ի լրագրողի շուրթերով: «Մենք եւ նրանք»-ը մաքուր հայկական երեւյթ է՝ մենք, այսինքն, իշխանությունը, նրանք՝ այսինքն, ընդդիմությունը:

Կիրակի օրը՝ մայիսի 16-ին «հ2»-ի հյուրը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր: Կիրակի ուշ իրիկունը Օսկանյանին հյուրընկալել էր «Արմենիան»: Օսկանյանը «մենք» է: Մայիսի 13-ին «Հայլուր-հարցազրույց»-ի հյուրը միավորված կոմկուսի նախագահ Յուրի Մանուկյանն էր: «Մենք» է, գիտեք: Նրանք եթերում չկան: Արամ Սաֆարյանը եւ Տաթեւիկ Բաղդասարյանը ընդդիմությանը (նրանց) պարսավող հարցեր են տալիս իրենց հյուրերին եւ ոչ մի կերպ չեն էլ փորձելու իմանալ ընդդիմության դիրքորոշումը երկրին վերաբերող հարցերի մասին: Տաթեւիկը նույնիսկ կարդում է Յուրի Մանուկյանին տրվող հարցի պատասխանը. «Դուք իշխանություն ունեցող կուսակցություն չեք, կառուցողական չեզոքություն եք պահպանում»: Այսպիսով, որպես ի՞նչ է Տաթեւիկը եթեր հրավիրել մեկին, որը կառուցողական ոչինչ է: Բա իշխանություն-ընդդիմություն (մենք ու նրանք) երկխոսությունը:

Հայտնի՞ է որեւէ մեկին, որ միայն այն փաստից, որ գոյություն ունի «Հայլուրը», ՀՀ-ում երբեւէ երկխոսություն չի կայանա իշխանության եւ ընդդիմության միջեւ: Ընդդիմությունը հո պադոշ չի՞, որ գնա երկխոսելու, իսկ «Հայլուրի» թողարկումներում ալուստն ու «օրինացերկրականները» հայհոյեն նրան:

Հաջորդ օրը՝ մայիսի 14-ին «Արմնյուսը» ցուցադրում է տեսանյութ այն մասին, թե կոալիցիան ԱԺ-ում ինչպես է սպասում ընդդիմությանը երկխոսությունը սկսելու: Ընդդիմությունը չեկավ: Բոլոր հեռուստաընկերությունները հաղորդեցին Գալուստ Սահակյանի տեսակետը ընդդիմության այդ քայլի մասին ԱԺ նախագահի սենյակում, հետո լուրերի նույն թողարկման մեջ ալուստի տեսակետը հնչեցվում է նաեւ ԱԺ ճեպազրույցներից, նաեւ՝ դաշնակցական Հրայր Կարապետյանինը: Իսկ ընդդիմության տեսակետը չկա ու չկա:

Եվ եթե ընդդիմությունը նույնիսկ տեսակետ չունի, լրագրողի պարտքն էր կորզել գոյություն չունեցող տեսակետը: Այսպիսով, որպես ի՞նչ է այսքան լրագրող զբաղեցրել մի դաշտ, որտեղ իրենք սերտաճել են «մենք»-ի հետ, իսկ ընդդիմությունը որպես «նրանք» համախմբել ժողովրդի շարքերը, որի տեսակետը նույնպես չկա վերջին իրադարձությունների հետ կապված: Ինչու՞ ցույց չտալ, որ իշխանությունն ու ընդդիմությունը լրիվ արժանի են միմյանց, դրա հետ ի՞նչ կապ ունեն լրագրողները եւ ողջ ժողովուրդը:

Հեղինակ՝ Մհեր Արշակյան