Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՀԱՆԸ ՉԻ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՔԱՌԱՏԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ

Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն այսօր չբացառեց, որ խորհրդարանական աշխատանքները բոյկոտող ընդդիմադիրները կարող են զրկվել մանդատներից. «Եթե պատգամավորը կամ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքը՝ նա պետք է բոյկոտի յուրաքանչյուր առանձին վերցրած քվեարկությունը՝ այդ մասին հայտարարելով, այլապես կանոնակարգով յուրաքանչյուր բաց թողնված քվեարկություն դիտվում է որպես անհարգելի բացակայություն»: Թեեւ ասաց՝ չգիտի, արդյոք այս հարցը կհայտնվի ԱԺ օրակարգում. «Բայց եթե մտնի օրակարգ՝ կլինի օրենքի սահմաններում»:

Պարոն Հովհաննիսյանին հիշեցրին, որ երբ ընդդիմությունը ու նաեւ ՀՅԴ ներկայացուցիչը 1996-1998-ը բոյկոտում էին խորհրդարանի աշխատանքները՝ նրանց այդ իրավունքը հարգվում էր, ու բացակայությունները համարվում էին հարգելի:

Ուստի չի կարծո՞ւմ, որ եթե դիմեն լիազորություններից զրկելու քայլին՝ նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ համեմատությունն իրենց օգտին չի լինի: «Ես չասացի, թե մենք կդիմենք նման քայլի: Ասում եմ, որ օրենքով նման հնարավորություն գոյություն ունի: Իսկ թե ինչպես կվարվի ԱԺ-ը՝ արդեն ոչ թե օրենքի, այլ քաղաքական որոշման խնդիր է: Եվ չեմ կարծում, թե ԱԺ-ն այստեղ կսխալվի»,- պատասխանեց պրն Հովհաննիսյանը, - «Այն ժամանակ իրոք հարգելի ճանաչվեցին բացակայությունները, սակայն դա շատ երկար չտեւեց, որովհետեւ դրան հետեւեց նախագահի հրաժարականը»:

Հիշեցնենք, որ բացակայությունները հարգելի էին համարվել 1997-ին՝ երկու անգամ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց 1998-ին: