Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՎԱՆՈՎԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է ԻՐԵՆ

Քաղաքականություն

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն ասուլիսի ժամանակ պատասխանելով Հայաստանի ներքաղական իրավիճակին վերաբերող «Հայկական ժամանակի» հարցին, ասաց, որ ինքը չի ցանկանում գնահատականներ տալ այդ իրողություններին, քանի որ չի ցանկանում խառնվել Հայաստանի ներքին խնդիրներին, ապա նաեւ ավելացրեց. «Մենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ կառուցում ենք ինչպես ռազմավարական գործընկերոջ հետ՝ ելնելով պատմամշակութային, կրոնական եւ այլ, նաեւ ռազմաքաղաքական կապերից եւ վերաբերում է ինչպես գործընկերոջ»:

Սակայն դրանից անմիջապես հետո, Սերգեյ Իվանովն իրեն հակասեց, փորձելով ելնել ռազմավարական գործընկեր երկրի նախագահի հայտարարություններից: Պատասխանելով «Այբ-ֆե»-ի այն հարցին, թե արդյո՞ք փաստը, որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Վլադիմիր Պուտինն իրեն եւ ՀՀ գործող իշխանություններին աջակցում է, չի նշանակում Հայաստանի ներքին խնդիրներին խառնվել, Սերգեյ Իվանովն ասաց. «Ոչ, չեմ կարծում, քանի որ մենք ունենք լավ, աշխատանքային, անկեղծ, վստահելի հարաբերություններ Հայաստանի իշխանությունների հանդեպ, եւ չկա որեւէ հիմք կասկածի տակ առնելու այդ հարաբերությունները»:

Մեր հաջորդ հարցին, թե ինչպես է վերաբերում Սերգեյ Իվանովը հայ-ռուսական հարաբերություններում առանցքային դեր ունեցող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի քաղաքական դրդապատճառներով ձերբակալմանը, ՌԴ պաշտպանության նախարարն ասաց, որ ոչինչ չի կարող ասել, քանի որ ոչինչ չգիտի նրա ձերբակալման մասին:

Ի դեպ, Սերգեյ Իվանովը որպես հայ-ռուսական ջերմ հարաբերությունների ակնառու դրսեւորում տեղեկացրեց, որ Հայաստանը Ռուսաստանից գնել է երկու ԻԼ 76 ռազմական ինքնաթիռ՝ Ռուսաստանի ներքին գներով՝ ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Իսկ Սերժ Սարգսյանը որպես Ռուսաստանի հանդեպ հարգանքի, մեծարանքի ու հատուկ վերաբերմունքի դրսեւորում հայտարարեց, որ երբեք Հայաստանից դուրս չեն բերվի ռուսական ռազմաբազաները: