Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ

Քաղաքականություն

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարները Երեւանում են, նրանք մասնակցելու են պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Նիստին չեն մասնակցի Թուրքմենստանի եւ Ադրբեջանի նախարարները։

Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարները կհանդիպեն Ռոբերտ Քոչարյանի հետ: Աշխատանքային այցով Երեւան ժամանեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:

Օդանավակայանում նա տեղեկացրեց, որ այցի շրջանակներում քննարկվելու են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը, անվտանգությանը, ռազմա-տեխնիկական, կրթական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ կքննարկվի կոնֆլիկտային տարբեր խնդիրների մասին հարցեր:

«Մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ, եւ որեւէ լուրջ խնդիր ռազմական համագործակցության ոլորտում, կամ ռուսական զորամիավորման՝ 102-րդ ռազմաբազայի խնդիրներում չկա»:

Իսկ այն հարցին, թե հնարավոր է ռուսական ռազմաբազաներում սպառազինության ավելացում Հայաստանի Հանրապետության տարածքում, Սերգեյ Իվանովը պատասխանեց, որ այդ հարցերը քննարկվում եւ կարգավորվում են կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, որտեղ ընդունվում են քաղաքական որոշումներ զինուժի եւ սպառազինության վերաբերյալ:

Նախարարներն այսօր նաեւ ասուլիս կտան: