Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ՋԱՅԼԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ

Քաղաքականություն

«Ըստ էության Ա1+- ին եթերից զրկեցին Եվրոպայի խորհրդի պահանջների համապատասխան ընդունված օրենսդրության հիման վրա»,- այսօր ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 2004թ. ապրիլի 28-ին ընդունված թիվ 1374 բանաձեւի քննարկմանը նվիրված սեմինարի ժամանակ:

Ըստ պարոն Ենոքյանի, երբ մեր իշխանությունները փորձում են արդարացում գտնել իրենց, այսպես ասած, ոչ ժողովրդավարական քայլերի համար, ասում են, որ սա Եվրոպայի պահանջն է: «Բնական է, որ Եվրոպան չի ցանկանա շատ համագործակցել այսպիսի անդամի հետ»,- ավելացրեց քաղաքագետը:

Ըստ բանախոսի՝ ընդունված բանաձեւից մեկ ամիս ժամանակ է անցել, սակայն որեւէ կետ չի կատարվել, փորձ է արվել երկխոսություն սկսելու, որը չէր կարող որեւէ արդյունքի բերել, քանի որ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի իշխանություններից պահանջում է, որ նրանք կատարեն Հայաստանի Հանրապետության օրենքները:

Նրա խոսքերով իշխանությունների պարտքն է այդ օրենքների կատարումը, եւ դա երկխոսության առարկա չի կարող լինել: Դա էր պատճառը, որ երկխոսությունը տապալվեց:

Իշխանությունները կրկին կփորձեն ձգձգել, ճարպիկ քայլերով ցույց տալ, թե շատ շուտով խնդիրների մի մասը կկատարվի, սակայն, ինչպես նշեց Աղասի Ենոքյանը, «նրանց խնդիրը լինում է չկատարելը եւ ինչ- ինչ պատճառաբանություններ գտնելը, թե ինչու չեն կատարում»: Ըստ նրա՝ Հայաստանն իր գործողություններով ցույց է տալիս, որ չի հարգում եվրոպական արժեքները:

ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանն ավելի լավատես էր: «Հիմա Հայաստանի առջեւ կանգնած է լրջագույն խնդիր, Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը կոչվում է Եվրոինտեգրացում, ես տեսնում եմ դրական տեղաշարժ, Հայաստանի ժողովուրդը պատրաստ է ապրել եվրոպական չափանիշներով, շատ կարեւոր է, որ հասարակական սեկտորը լինի պարտադրող ցանկացած իշխանությունների նկատմամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Եթե մինչեւ սեպտեմբերի նստաշրջանի բացումը առաջընթաց չարձանագրվի, Կանոնակարգի 9-րդ կանոնի համաձայն ԵԽԽՎ-ն որոշում է կայացնելու քննարկել Հայաստանի պատվիրակությունների լիազորությունների հարցը: