Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼԸ ՀԱԿԱՎՐԱՑԻՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Քաղաքականություն

Նինոծմինդայի շրջանի վարչության նախագահ Ռաֆիկ Արզումանյանը շրջանում իրեն ընդդիմադիր ուժերի կողմից մեղադրվում է հակավրացականության մեջ:

«Կվիրա» («Կիրակի») թերթի մարտի համարում տված հարցազրույցում ընդդիմադիներից մեկը Ռ. Արզումանյանին համարում է Վրաստանի պետության թշնամի, փաստարկելով այն հանգամանքը, թե վերջինս կապերի մեջ է Հայաստանի որոշ շրջանակների հետ: Ռ. Արզումանյանի ընդդիմադիրները վրացական մամուլում դժգոհում են Վրաստանի իրավապահ մարմիններից, որոնք մինչեւ օրս պատասխանատվության չեն ենթարկում Ռ. Արզումանյանին այն բանի համար, որ վերջինս առանց պետության թույլտվության էլեկտրական հոսանքի գիծ է կառուցել շրջանի տարածքում:

Նշենք, որ այդ հոսանքագիծը Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիա է մատակարարում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի շրջաններին: Իսկ Նինոծմինդայի շրջանը Վրաստանի այն եզակի շրջաններից է, որտեղ շուրջօրյա էլեկտրամատակարարում գոյություն ունի:

Ռ. Արզումանյանը արդեն 12 տարի ղեկավարում է շրջանը: Ա-Ինֆո գործակալության հաղորդմամբ, նրա կարեւոր ձեռքբերումներից մեկը շրջանին շուրջօրյա էլեկտրամատակարարումն է:

Մամուլում իր հասցեին արված հրապարակումների համար Ռ. Արզումանյանը պատրաստվում է դատարան դիմել: «Ես ոչ հակավրացի եմ եւ ոչ էլ հակահայ: Եթե հակավրացի լինեի, այսքան երկար տարի ինձ չէին թողնի ղեկավարելու շրջանը: Միեւնույն ժամանակ ինձ քարկոծողները եւ հակահայ են, եւ հակավրացի, իսկ նրանց պայքարը հիմնական նպատակը պաշտոնների տիրանալն է, որից անմիջապես հետո պարզ կլինի նրանց եւ հակավրացի, եւ հակահայ լինելը»,- ասում է Նինոծմինդայի շրջանի ղեկավարը: