Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԿԱՐԻՉԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑ ԻՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՄԱՆԸ

Մշակույթ

Այսօր «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Սարգիսը Հայաստանում» ցուցահանդեսի բացումը: Հատկանշական է, որ ֆրանսիացի նկարիչը հայկական ծագում ունի, բայց ծնվել է Ստամբուլում:

Սարգիսը առաջին անգամ է ցուցադրվում Երեւանում՝ «Հայ-Արտ»-ում եւ Փարաջանովի թանգարանում:

Երկու ցուցահանդեսները կընթանան միաժամանակ՝ մայիսի 19-ից մինչեւ օգոստոսի 29-ը:

Ի դեպ, ֆրանսիահայ նկարիչը հենց սկզբից ցուցադրեց իր անհատականությունը:

Քանի որ բացման արարողության մասնակիցները շատ էին աղմկում, նկարիչը թողեց եւ հեռացավ իր իսկ ցուցահանդեսի բացման արարողությունից:

Ինչ վերաբերում է միջոցառմանն, ապա Սարգիսը ներկայացրել էր չորս պատկեր: Յուրաքանչյուր պատկերն իրենից ներկայացնում էր 5մ/5մ քառակուսի հարթակներ՝ գետնից 20սմ բարձր:

4 հարթակների մակերեսները հարթեցված էին եւ սպիտակ: Դրանցից երեքը նկարված էին երեք փայլատ գույներով՝ նռան կարմիր, երկնագույն եւ դեղին:

Չորրորդ հարթակը ծածկված էր հայկական գորգերով: 4 հարթակների միջեւ տեղադրված էր բյուրեղապակյա մի քանդակ, որը պատկերում էր մի գլուխ՝ տիեզերագնացի սաղավարտով: Իսկ դահլիճում մի ձայնակիչ պարբերաբար հնչեցնում էր Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» Ֆիլմի երաժշտությունից 2 րոպեանոց մի հատված:

Կազմակերպված ցուցահանդեսը եւս մեկ առանձնահատկություն ունի. այն կրում է բողոքի ակցիայի բնույթ եւ այն արվել է «Հայ Արտ»-ի շենքը պահպանելու համար, որովհետեւ Քաղաքապետարանը որոշել է արվեստագետներից վերցնել այն: