Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉԿԱ, ԿԱ ՔԱՂԱՔԱՂԱԿԱՆ ՄՈՏԻՎ

Քաղաքականություն

Քաղբանտարյալ բառը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը խուսափում է օգտագործել. «Ես միշտ ասում եմ, որ կան այնպիսի գործեր, որտեղ առկա է քաղաքական կոմպոնենտ: Գիտեք, այսօր կալանավորվածներին հեշտ է մեկնաբանել որպես քաղբանտարկյալ, բայց իրականում այդ գործերն ուղղակի պարունակում են քաղաքական բաղադրիչ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ օմբուցմեն Լարիսա Ալավերդյանը:

Նրա գնահատմամբ, սակայն չկան հիմնավոր փաստարկներ, կամ այնպիսի ապացույցներ, որոնք կարելի է բերել ու ասել, որ իրոք չի կարելի կալանավորված քաղաքական գործիչների խափանման միջոցը փոխել. «Մենք գրավոր դիմել ենք դատախազին եւ մեր կարծիքն ենք հայտնել այն մասին, որ կարելի էր փոխել խափանման միջոցը»:

Տիկին Ալավերդյանի կարծիքով, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւն ըստ էության չի արժեվորվել. «Այդ որոշումը պետք է դառնար երկխոսության հիմք: Ցավոք, դա չեղավ: Իրար հետեւից իրարամերժ արտահայտություններ եղան: Ես դա գնահատում եմ իբրեւ այդ երկխոսության եւ միջազգային փաստաթղթի վերաիմաստավորման պրակտիկայի բացակայություն»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ երկրում չկա քաղաքական ճգնաժամ, եւ բոլորովին համարժեք չէին ոստիկանության այն գործողությունները, որոնք արվեցին ապրիլի 12-ին եւ 13-ին. «Այդ սյուժեն՝ կուսակցությունների գրասենյակներ մտնելը, կոտրելը ինձ համար անընդունելի է, դա դատապարտելի է եւ ոչինչ չէր ստիպում նրանց անել դա»:

Տիկին Ալավերդյանի գնահատմամբ, երբ ընդդիմությունն ասում է, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որոշակիորեն արդարացնում է ոստիկանության գործողություններն: «Իրականում ոչ մի ճգնաժամ էլ չկա»: