Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ-Ն ՄԱՏ ԹԱՓ ՏՎԵՑ ՓՈՂԸ ՏԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը եւ Եվրասիայի երկրներին ուղղվող ամերիկյան աջակցության կորդինատոր Կառլոս Պասկուալն այսօր վերջնականապես ճշտեցին, թե մասնավորապես որ ոլորտների համար են ծախսվելու Միացյալ Նահանգների Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության գումարները:

Դրանք, ըստ Պասկուալի, կտրամադրվեն տնտեսության ազատության, մարդկանց համար ներդրումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության շրջանակներում:

Գումարն ստանալու համար ՀՀ կառավարությունն արդեն ներկայացրել է համապատասխան ծրագիր: «Որեւէ երաշխիք չկա, որ կառավարության ծրագրային առաջարկն անպայման ֆինանսավորվելու է»,- ասաց պարոն Պասկուալը:

Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսն արդեն ավելի քան 1 մլրդ դոլար է դրել ծրագրի հաշվեհամարի վրա: «Ծրագիրն իրականացնող կորպորացիան պահանջել է եւս 2,5 մլրդ դոլար հաջորդ տարվա ֆինանսավորման համար»,- տեղեկացրեց Եվրասիայի երկրներին ուղղվող ամերիկյան աջակցության կորդինատորը: Վերջինս այնուամենայնիվ զգուշացրեց, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ այս ծրագրին մասնակցող երկրները քաղաքական եւ ժողովրդավարական համակարգերում պետք է առաջընթաց կատարեն:

Պասկուալը տեղյակ է, որ «վերջին մի քանի ամիսներին մեր երկրում եղել են խնդիրներ քաղաքական եւ քաղաքակացիական ազատությունների վերաբերյալ»: «Ակնկալիքն այն է, որ ոչ թե հետադարձ կլինի այս ուղղությամբ, այլ՝ առաջընթաց»,- ասաց կորդինատորը:

Իսկ ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք այդ առաջընթացը: «Որովհետեւ ծրագրի մշակման ընթացքում մեզ պարզ է դարձել, որ սեփական ժողովրդի նկատմամբ ազատության ապահովումը կախված է տնտեսական դաշտում հաջողությունների արձանագրման հետ»,- մանրամասնեց Կառլոս Պասկուալը:

Նա զգուշացրեց, որ առաջիկայում իր երկիրը կհետեւի զարգացումներին: «Մենք բնականաբար հաշվի կառնենք այստեղ տեղի ունեցող իրադարձությունները, ԶԼՄ-ների հրապարակումները եւ ԱՄՆ դեսպանատան տեղեկատվությունը»,- զգուշացումն ավարտեց պարոն Պասկուալը:

Նա չմոռացավ հիշեցնել, որ առանց այն էլ Հայաստանը խնդիրներ ունի քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների հետ: