Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ

Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի հանդեպ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ 2 ամիս նախնական կալանքի ենթարկելու վերաբերյալ, նրա պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: Դատարանը մերժել էր բողոքը:

Ռոբերտ Գրիգորյանը դիմել էր նա§ Վճռաբեկ դատարան: Գործի լսումն անհասկանալի պատճառներով անընդհատ հետաձգվում էր:

Երեկ, երբ ընդդիմությունը հրաժարվեց երկխոսությունից, իշխանությունն անմիջապես որոշեց ցույց տալ, թե ինչ հետեւանքով է հղի այդ գործընթացը:

Այսօր առավոտյան Վճռաբեկ դատարանից զանգահարել են Սուրենյանցի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանին, եւ խնդրել 15 րոպեից լինել դատարանում, քանի որ լսվելու է վճռաբեկ բողոքը: Պաշտպանը չի հասկացել, թե ինչն է նման շտապողականության պատճառը: Սակայն երբ որոշումը կայացվել է, անփոփոխ թողնել առաջին ատյանի որոշումը, ամեն ինչ պարզ է դարձել:

Այսպիսով, իշխանություններին թվում է, թե ընդդիմությանը մեծ վնաս հասցրին, սակայն իրականում ուղղակի հերթական անգամ հրաժարվեցին կատարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջը՝ անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:

Այս ամենում սակայն ամենազավեշտալին այն է, որ ՀՀ սահմանադրությամբ սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունն անկախ է գործում: Իսկ այս գործողություններով արձանագրվում է սահմանադրական կարգի հերթական խախտումը: