Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ

Քաղաքականություն

Ընդդիմությունը հրաժարվեց իշխանական կոալիցիայի հետ երկխոսությունից: Պատճառն այն է, որ կոալիցիան ոչ միայն պահանջել է վերախմբագրել երկխոսության օրակարգային միակ հարցը՝ «2003 թվականին նախագահի ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու ուղիները» ձեւակերպումից ճգնաժամ բառը հանել, այլեւ առաջարկել է լծվել օրենսդիր գործունեությանը. մասնավորապես, առաջարկում են մասնակցել ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության բարեփոխումների գործընթացին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին:

«Սրանով փորձ է արվում ուղղակի իմիտացիա ստեղծել, թե ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Ընդդիմության միասնական ասուլիսի ժամանակ հայտարարվեց, որ կոալիցիայի մյուս պահանջը, թե միասին նստենք ու որոշենք ԵԽ ԽՎ աշնանային եւ գարնանային բանաձեւերում նշված պահանջների կատարման ժամանակացույցը, անհեթեություն է, քանի որ երկու բանաձեւում էլ հստակ նշված են պահանջների կատարման ժամկետները: Իսկ առաջին բանաձեւում նշված ժամկետներն արդեն իսկ խախտված են:

Շավարշ Քոչարյանը նաեւ նկատեց, որ պարտավորությունները անհապաղ կատարման են ենթակա, իսկ «անհապաղը» ժամկետ եւ ժամանակցույց չի ենթադրում: Մինչեւ անհապաղ ազատ չարձակվեն կալանավորվածները եւ իշխանությունը չապահովի հանրահավաքներին մասնակցելու ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքը, ընդդիմությունը չի գնա բանակցությունների, իսկ սա ոչ թե ընդդիմության, այլ ԵԽ ԽՎ պահանջն է:

Ընդդիմությունը շարունակելու է հանրահավաքները եւ պահանջելու է երկրում սահմանադրական կարգի վերականգնում: Իսկ հետագա գործողությունների մասին միասնական ընդդիմությունը կտեղեկացնի մայիսի 14-ի հանրահավաքի ժամանակ: