Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵՐ ԳԱՐՏՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱՑՈ՞Ւ ՏԵՂ Է ԴՐԵԼ

Քաղաքականություն

«Հայաստանը պետք է պատրաստ լինի մասամբ հանել իր զորքերը ԼՂՀ-ից՝ Հայաստան-Ադրբեջան երկաթգծի բացման դիմաց», - համոզված է Պեր Գարտոնը:

Բացի այդ ԼՂՀ-ն կարող է մնալ Ադրբեջանի կազմում, բայց այնտեղի բնակչության ազատ տեղաշարժի իրավունքով՝ ով երբ կուզի կգնա Հայաստան կամ Ադրբեջան: Այդպիսի մի մոդել կիրառվում է Ֆինլանդական Օլանդ կղզու վերաբերյալ: Սակայն կղզու բնակչության 95 տոկոսը աշխատում է Շվեդիայում:

Մոտավորապես այսպես է պատկերացնում ԼՂՀ խնդրի կարգավորումը եվրապարլամենտի շվեդ անդամ Պեր Գարտոնը: Այդ առաջարկը՝ հանդիպումներից մեկի ժամանակ նա արել է նաեւ Արկադի Ղուկասյանին, որին նա կոչում է «այսպես կոչված նախագահ», քանի որ ԵՄ-ն առայժմ չի ճանաչել ԼՂՀ որպես առանձին պետություն:

Ի դեպ, Պեր Գարտոնի առաջարկին Արկադի Ղուկասյանը կատակով պատասխանել է, որ այո համաձայն է այդ տարբերակին, որ ԼՂՀ-ն նույն պայմաններով մտնի Ֆինլանդիայի կազմի մեջ:

Պեր Գարտոնն այսօր բավական յուրօրինակ հայտարարություններ արեց ԼՂՀ խնդրի կապակցությամբ, ինչն էլ առաջացրեց տարբեր մարդկանց վրդովմունքը:

Հասարակական, քաղաքական գործիչները, մասնավորապես, Տիգրան Թորոսյանը ստիպված եղան հիշեցնել պարոն Գարտոնին, որ ԼՂՀ-ում Հայաստանը զորք չունի. «Երբ ԼՂՀ ԶՈՒ-ն այնտեղ ձեւավորված չէր, Ղարաբաղն անընդհատ հարձակման եւ ռմբակոծության էր ենթարկվում: Եվրոպական իրավունքներից է նաեւ ինքնապաշտպանությունը»:

Հնչած առաջարկություններին ի պատասխան Պեր Գարտոնին հիշեցրեցին նաեւ ադրբեջանցիների «մենթալիտետի» տարբերությունն այն առումով, որ նրանք օգտվում են նույնիսկ քնած մարդուն կացնահարելու հնարավորությունից, ուստի խաղաղ համակեցությունն այդ պայմաններում հնարավոր չէ:

ԼՂՀ-ում գտնվելու ժամանակ Պեր Գարտոնը այլ «հայտնագործություններ» նույնպես արել է: Ըստ նրա «պետք է զերծ մնալ զավթած տարածքների հայկականացումից»:

Պեր Գարտոնը հավաստիացնում է, որ հայերեն չի հասկանում, այնուամենայնիվ, տարբերում է հայկական տառերը «կիրիլլիցայից կամ լատիներեն տառերից» եւ ԼՂՀ-ում տեսել է, որ բոլոր ցուցանակներն այնտեղ հայերեն տառերով են գրված: «Միջազգային իրավունքով դա թույլատրված չէ եւ ապագայի համար դա բարդություններ կստեղծի»,- ասում է եվրոպացին:

Քաղաքագետ Սուրեն Զոլյանը Պեր Գարտոնին պարզապես խորհուրդ տվեց հաջորդ անգամ ԼՂՀ ուղեւորվելիս Լաչինից մի քանի կիլոմետրով շեղվել եւ տեսնել հայկական պատմամշակութային արժեք համարվող Ծիծեռնավանքը, որը կառուցվել է 5-րդ դարում:

Ի դեպ, իր ելույթի վերջում Պեր Գարտոնը խոստովանեց. «Հակամարտության հարցում դուք միակ մեղավորը չեք: Այսօր ես այստեղ եմ՝ Ձեզ եմ ասում: Ադրբեջանում լինեմ, նույնն այնտեղ պետք է ասեմ»: