Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ «ՊՈԼԻՏԲՅՈՒՐՈՅԻ» ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ

Քաղաքականություն

Եվրոպարլամենտի անդամ, շվեդ Պեր Գարտոնն այսօր հարկ համարեց անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի մի քանի օր առաջ արած հայտարարությանն այն մասին, թե ԵԽ-ն «պոլիտբյուրո» չէ, ուստի նրանց պայմանների կատարումը պարտադիր չէ: «ԵԽ-ն պոլիտբյուրո չէ՝ այո: Բայց ԵՄ-ն ավելի մոտիկ է պոլիտբյուրոյին: կառույցն իրավունք ունի տարբեր հարցերի վերաբերյալ կարգադրել իր անդամ-երկրներին»:

Եվրոպացին որոշել է, որ այս ամենը Հայաստանում պետք է իմանան, որպեսզի արդեն որոշեն. ցանկություն ունե՞ն միանալ ԵՄ-ին, թե՞ ոչ: Այս ամենին ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն, իհարկե, միանգամից նկատեց, որ Հայաստանի համար եվրոինտեգրացիան այլընտրանք չունի:

Այն դեպքում, երբ Հայաստանն արդեն 3 տարի է, ինչ ԵԽ անդամ է, ներկայումս ծրագրեր են կազմվում եւ քննարկվում են այն տարբերակները, թե ինչպես Հայաստանը կարող է միանալ նաեւ ԵՄ-ին:

Այդ հնարավորությունը Հայաստանի համար կարող է ստեղծել «Ընդարձակ Եվրոպա» ծրագիրը, որի մեջ փորձ կարվի ներգրավել նաեւ Հարավային Կովկասը:

Ի դեպ, ծրագրի շնորհանդեսի ժամանակ Պեր Գարտոնը մի հետաքրքիր արտահայտություն արեց: Պարզվում է, հարավկովկասյան 3 պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար Եվրոմիության «դռները» կբացվեն միայն այն դեպքում, եթե այդ կառույցին անդամագրվի նաեւ Թուրքիան. «Թուրքիայի մասնակցությունը նախապայման է, որ նույնիսկ քննարկվի Հարավային Կովկասի մասնակցությունը ծրագրին»:

Պարոն Գարտոնն այդ դիրքորոշումը բացատրում է նրանով, որ Եվրոպայում դեռուս դիրքորոշում կա, որ պարզապես աշխարհագրական դիրքով վերոնշյալ տարածաշրջանը չի մտնում Եվրոպա:

Պեր Գարտոնն, ի դեպ, նշեց, որ Թուրքիան թեեւ առայժմ չի կատարում ԵՄ բոլոր պայմանները, բայց, արդեն նաեւ «ուղղվում» է: ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիայից շարունակվում է պահանջվել Հայոց Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակման դադարեցումը:

«ԵՄ-ն չի ընդունի երկրներ, որտեղ կան տեղական կամ տարածաշրջանային կոնֆլիկտներ: Կիպրոսը վատ նախադեպ էր եւ մենք այդ սխալն այլեւս չենք կրկնի»,- ասում է նա: