Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՅԱԾ ԻՆՉ ԱՉՔԵՐՈՎ ԵՍ ՆԱՅՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ

Քաղաքականություն

«Միշտ էլ կարելի է ասել մածունը սեւ է եւ քաշվել մի կողմ` առանց հաշվի առնելու բացատրություններն ու պարզաբանումները»,- ասում է «Դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ պետական հիմնարկի տնօրեն Արթուր Թունյանը` անդրադառնալով ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, որում ասվում է, որ խախտումներ են եղել Համաշխարհային բանկի տրամադրած 4,4 մլն դոլար վարկով ՀՀ դատաիրավական համակարգի բարելավման ծրագրում։

Արդեն օգտագործվել է 3մլն 800հազ դոլար, մինչդեռ նորոգվել է ընդամենը 9 շենք: Ըստ պարոն Թունյանի, վարկային ծրագրում հստակ նշված չէ, որ իրենք պարտավոր են վերանորոգել 10, 15 կամ 20 դատարան, այլ ստեղծել «միջազգային չափանիշներին համապատասխան դատական միջավայր»:

Եթե դատարանի շենքային պայմանները լավը չեն, ավելորդ է խոսել դատաիրավական բարեփոխումների մասին,- ասում է պարոն Թունյանը` սրանով բացատրելով այն փաստը, որը թեեւ ծրագրով սկզբում նախատեսվում էր կառուցել միայն Գյումրիի դատարանի նոր շենքը, հիմա նախատեսվում է կառուցել եւս երեքը` Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն եւ Նորք Մարաշ, Շենգավիթի առաջին ատյանի դատարանների շենքերը:

Արթուր Թունյանի խոսքերով, իրենց հաշվարկները ցույց են տվել, որ ավելի էժան կլինի նոր շենքերի կառուցումը, քան դատարանների հին շենքերի նորոգումը: Դատարանների շենքերը գնահատվել են 1999թ-ին` վարկային համաձայնագիրը կնքելուց մեկ ու կես տարի առաջ:

«Կարելի է ասել աչքաչափով»,- ասում է պարոն Թունյանը` մեջբերելով, օրինակ` հետեւյալ թվերը` Արաբկիրի 2880քառ. մետր տարածքով դատարանի շենքը կառուցելու համար նախատեսվել է 255000 դոլար, իրականում ծախսվել է 847300 դոլար: Ինչու՞ գումարները չեն օգտագործվել իրավախորհրդատվության նպատակով, ինչպես նախատեվել էր` պարոն Թունյանը պարզաբանեց, որ նպատակահարմար չեն գտել, քանի որ կարող էին, ասենք` մոտ 2մլն դոլար ծախսել, խորհրդատուներ վարձել, իսկ մեկ տարի անց , երբ օրինակ սահմանադրական բարեփոխումներ իրականացվեին, նորից գումար ծախսելու անհրաժեշտություն կառաջանար:

Ի դեպ, Արթուր Թունյանը վստահեցնում է, որ այս պարզաբանումները ինքը ներկայացրել է Վերահսկիչ պալատին դեռեւս 2003թ օգոստոսին եւ տարօրինակ է համարում , որ ասում են, թե ինքը դիտողություններ եւ առաջարկներ չի արել ստուգումների վերաբերյալ փաստաթղթին ծանոթանալուց հետո:

Ավելացնենք, որ «Դատաիրավական բարեփոխումներ» վարկային ծրագրի ժամկետը լրանում է 2004 թ դեկտեմբերին, սակայն ՀԲ հետ ձեռք է բերվել համաձայնություն ժամկետը մեկ ու կես տարով երկարացնելու վերաբերյալ: