Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ

Քաղաքականություն

ԱԺ-ում հայտարարություններ անելու հնարավորությունից օգտվելու նպատակով, այսօր նիստերի դահլիճ էին այցելել «Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցությունների պատգամավորները:

Թեեւ ԵԽ ԽՎ պահանջով ՀՀ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները նստեցին սեղանի շուրջ, այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորների այսօրվա հայտարարություններից պարզ դարձավ, որ ընդդիմադիրները դժգոհ են իշխանության հետ հանդիպումներից:

Նախ եւ առաջ հայտարարություններից պարզ դարձավ, որ ընդդիմությունը շարունակում է իշխանություններին ներկայացնել իր հիմնական պահանջը: «Քոչարյանը պետք է հեռանա: մարդկանց վրա ձեռք բարձրացնողը մերժված է բոլորի կողմից»,- հայտարարեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

«Կամ մեկուսացված, հետամնաց երկիր՝ Ռոբերտ Քոչարյանով, կամ ազատ, զարգացած երկիր՝ առանց Ռոբերտ Քչարյանի»,- Շավարշ Քոչարյանի ձեւակերպմանը հաջորդեց Արամ Գ. Սարգասյանի միտքը. «Ես էլ էի ուզում ուրախանալ, որ երկխոսություն է սկսվում: Բայց այն ինչ պայմաններում են ընթանում այդ հանդիպումները, դժվար է ընդունել որպես բանակցություն»:

Մթնոլորտի մասին էլ հավելում է «Ազգային Միաբանություն» խմբակցության անդամ Կորյուն Առաքելյանը՝ ասելով, որ բանակցություններ սկսելու հարցում միայն Արթուր Բաղդասարյանի լավատեսությունը բավարար չէ, քանի որ իշխանությունները չեն ազատել քաղբանտարկյալներին, չեն ապահովել քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքը, չեն հրաժարվել վարչական տույժերի իրենց քաղաքականությունից:

Իսկ այն, որ գործող իշխանությունների հետ բանակցելը շատ բարդ է փորձեց օրինակով ապացուցել «Արդարություն» խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: Նրա համոզմամբ իշխանությունները պատրաստ չեն լսելու քննադատություն նույնիսկ իրենց գործընկերների՝ կոալիցիայի կողմից եւ դրա վառ ապացույցը Աժ վերահսկիչ պալատի հաշվետվությունն է, որը այսօր տարբեր հայտարարությունների եւ շահարկումների առիթ հանդիսացավ: