Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ-ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՅԱՆԱ՞

Քաղաքականություն

Այսօր Արթուր Բաղդասարյանի հրավիրած քաղաքական հերթական կոնսուլտացիան տեւեց 2 ժամ: Կոնսուլտացիայի ավարտին պարզ դարձավ, որ խորհրդարանում ներկայացված ուժերը որոշակի նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքական բանակցությունների համար:

Կոալիցիայի ներկայացուցիչներից ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ բանակցություններում կոալիցիան ներկայացնելու է Ռոբերտ Քոչարյանին:

Կոնսուլտացիայի նախորդ նիստերին ընդդիմության ներկայացրած առաջարկ-պահանջները վաղը կոալիցիոն կուսակցությունները կքննարկեն իրենց կուսակցական նիստերում։

Իսկ մյուս օրը ամեն կուսակցությունից երկու անդամ կոալիցիայի նիստում կհամաձայնեցնեն ընդդիմության առաջարկների համդեպ դիրքորոշումը, ապա կհրավիրեն ԱԺ մյուս երկու խումբ-խմբկացության ներկայացուցիչներին եւ մայիսի 13-ին կլինի հերթական հանդիպումը, որտեղ վերջնականապես կորոշվի, շարունակվելու են բանակցությունները, թե ոչ:

Եթե խնդիրը դրական լուծում ստանա, ապա կճշտվի բանակցությունների օրակարգը եւ կսկսվեն բանակցությունները:

Իսկ ընդդիմությունը հայտարարեց, որ իրենք բարի կամք են դրսեւորում՝ նստելով կոալիցիայի հետ բանակցությունների, բայց նրանք էլ պետք է կատարեն առաջին քայլը՝ անհապաղ ազատ արձակեն ընդդիմության կալանավորված ներկայացուցիչներին, դադարեցնեն քաղաքական հետապնդումները եւ չխոչընդոտեն հանրահավաքների անցկացմանը:

Եթե մինչեւ մայիսի 13-ը որոշակի քայլեր չձեռնարկվեն այս ուղղությամբ, ապա ընդդիմությունը կմտածի քաղաքական բանակցությունների շարունակման նպատակահարմարության մասին:

Ի դեպ, կոալիցիան համաձայնել է քննարկման ընդդիմության առաջարկած օրակարգի հետ. այն է՝ գտնել ուղիներ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար: