Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքականություն

ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատը 28 ուսումնասիրություն է կատարել բյուջետային, հարկային, մաքսային, առողջապահական, ֆինանսական ոլորտներում, որպեսզի պարզի, թե 2003 թվականի ընթացքում պետությունն ինչպես է իրականացրել տարբեր ծրագրերը:

Գագիկ Ոսկանյանի գլխավորած հանձնաժողովը բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ է կատարել, որոնք եւ ներկայացրեց ԱԺ-ում: Այդպես օրինակ՝ «ձեռնարկությունների զարգացում» վարկային ծրագրի ավարտին թվով 92 ենթավարկերից, որոնց գումարը կազմում է 13,2 մլն. դոլար, բանկերին վարկերից մարվել է ընդամենը 8,2 միլիոնը:

«Ծրագրի մասնակից բանկերի 50 տոկոսը՝ 12 բանկերից 6-ը, գտնվում են լուծարային կամ անվճարունակության գործընթացքում: Իսկ վարկ ստացած ձեռնարկությունների մի մասը սնանկ են ճանաչվել, որոշ մասը վնասով է աշխատել», - ասում է Գագիկ Ոսկանյանը:

Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ 6 վարկային ծրագրերի կատարման ընթացքն ու պարզել է, որ Հայաստանում վարկային ծրագրերը թերակատարվում են: Նաեւ օբյեկտիվ վերաբերմունք չի դրսեւորվում վարկային միջոցներով աշխատող կապալի մրցույթի հաղթողի վերաբերյալ:

Իսկ վարկերի ստացման համար գործարքները տարբեր բանկերում իրականացվել են օրինակ՝ չստորագրված, անվավեր կնիքներով կնքված, անվավեր փաստաթղթերի առկայության պայմաններում:

Ո՞ւր մնաց տնտեսական աճը

Վերահսկիչ պալատին հաջողվել է ուսումնասիրություններ կատարել այնպիսի կարեւորագույն ոլորտներից մեկում, ինչպիսին է հարկային ծառայությունը:

Այդ ուսումնասիրությունների ընթացքում Գագիկ Ոսկանյանը եզրակացրել է, որ «անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել հարկային եկամուտների ամբողջական գանձման ուղղությամբ»:

Չնայած նրան, որ ՀՀ տնտեսությունում, տարբեր պաշտոնյաների հայտարարությունների համաձայն, մեծ աճեր են գրանցվում, այնուամենայնիվ, մտորումների առարկա կարող է դառնալ վերահսկիչ պալատի հայտնաբերած այն փաստը, համաձայն որի «2003 թվականի առաջին կիսամյակում բյուջեի ապառքները աճել են 9 միլիարդ 327 մլն. դրամով եւ ապառքների ընդհանուր թիվն այսօր կազմում է 90 միլիարդ 598 միլիոն 300 հազար դրամ»:

Հարկային ծառայության աշխատանքը՝ հարկերի հավաքագրման առումով չեն հեշտացրել նաեւ հարկային վարչարարությունները:

«Հարկային վարչարարության խստացումը որոշակիորեն չի նպաստել հարկային պարտավորությունների կատարմանը: Այն ուղղվել է համատարած գերավճարների հավաքմանը, որի արդյունքում 2002 թվականի ընթացքում փաստացի հավաքագրման հարկերի մեջ գերավճարների ընդհանուր չափը կազմել է 33 միլիարդ 935 միլիոն դրամ կամ 36,6 տոկոսը»,- հայտարարեց վերահսկիչ պալատի ղեկավարը:

ՀՀ ընդերքն արդեն թալանված է

2002 եւ 2003 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի շահագործվող 77 հանքավայր: Այդ հանքավայրերի վերաբերյալ փաստաթղթերն արդեն ուղարկված են Գլխավոր Դատախազությանը:

Վերահսկիչ պալատի աշխատակիցներն իրենց ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել են 9 ապօրինի հանքավայր՝ իրենց տեղամասերով:

Այդ ամենը պետական պատշաճ կարգ ու կանոնի բացակայության հետեւանք է, քանի որ հանքավայրերն այսօր ազատ կարողանում են գործալ առանց անհրաժեշտ փաստաթղթերի առկայության: