Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՈՍԿՈՒ ՎԱՃԱՌՔԸ ԵՎՍ ՄԵԿ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԱՐՔ Է

Տնտեսություն

Ինչո՞ւ ՀՀ Կենտրոնական Բանկի ներդրումային հանձնաժողովը գաղտնի որոշում կայացրեց վաճառել ոսկու ամբողջ պաշարը, որը գտնվում էր բանկի պահուստներում: Գործարքի մասին հանրությունն իմացավ բոլորովին վերջերս եւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն իր այսօրվա ասուլիսի ժամանակ առիթ էր որոնում խնդրին անդրադառնալու համար:

ԿԲ պահուստաներում գտնվող շուրջ 1,4 տոննա ոսկու վաճառքի դիմաց բանկը ձեռք է բերել 3 միլիարդ դրամից ավելի գումար: Սա հերթական գործարքներից մեկն է, երբ տեղի իշխանություններն այն գնահատել են ձեռնտու մեր պետության համար: Նման գնահատականը պայմանավորված է նրանով, որ ոսկին նախատեսվում էր վաճառել այն պահին, երբ համաշխարհային շուկայում ոսկու գինը կհասնի 380 դոլարի:

ԿԲ դիլլերներին հաջողվել է ոսկին վաճառել 400-ից ավելի դոլարով: Ինչ վերաբերում է ոսկին վաճառելու որոշմանն, ապա ԿԲ ղեկավարությունը՝ 1,5 տարվա քննարկումների արդյունքում որոշել է ընդանրապես իր պահուստներում չկուտակել ոսկի:

«Ոսկին դիտարկվում է որպես հարստության կուտակման եղանակ: Մենք չենք գտնվում այնպիսի վիճակում, որ պետք է հարստության կուտակումով զբաղվենք, քանի որ ոսկու կուտակումը ամենափոքր եկամտաբերություն ապահովողն է»,- ասում է Տիգրան Սարգսյանը:

Ի դեպ, ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմում են շուրջ 500 մլն. դոլար, այն դեպքում, երբ արտաքին պետական պարտքը 1 մլդ. դոլարից ավելի է: «Ամեն դեպքում մենք մեր արտաքին պարտքը վճարելու ենք դոլարով, եվրոյով: Եվ այդ պարագայում նպատակահարմար է համախառն արտաքին կառուցվածքում ունենալ այնպիսի ակտիվներ, որոնք ուղղվելու են մեր արտաքին պարտքի սպասարկմանը»,- բացատրում է ԿԲ նախագահը:

Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ մոտ ապագայում Հայաստանին սպասում է եւս մի քանի շահավետ գործարք: Նախ Եվրոբանկը նախատեսում է Հայաստանում բացել իր մասնաճյուղը: Բացի այդ նույն Եվրոբանկը ներկայումս ուսումնասիրություններ է անցկացնում Հայաստանում խոշոր ներդրումներ իրականացնելու համար: Այդ ներդրումները նախատեսվում է իրականացնել էներգետիկ ոլորտում, ներդրումը կկազմի մինչեւ 100 մլն. դոլար եւ ուղղված կլինի փոքր եւ միջին հիդրոէլեկտրոկայաններ կառուցելու համար:

Մասնագետների հաշվարկով ներդրվող 1000 մլն. դոլարի միջոցով կստեղծվի 1 մեգավատ հզորություն: Ի դեպ, ԿԲ նախագահը տեղյակ չէ, թե ինչ նկատառումներով է իրականացվում Եվրոբանկի ծրագիրը եւ արդյո՞ք այդ ծրագիրը քաղաքական ենթատեքստ չունի՝ կապված եվրոպական կառույցների ճնշման հետ. ալտերնատիվ աղբյուրներ ստեղծելու արդյուքում փակել Հայաստանի ատոմակայանը: