Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԹԵԼԵՊԼԱՍԸ» ՍԵՓԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՆ ԸՆԿԱՎ

Տնտեսություն

ՀՀ քաղաքացիներն այլեւս կարիք չեն ունենա դատարանում ապացուցելու, որ 2003թ.ապրիլ-հունիս ամիսներին «Թելեփլաս» ընկերության մի շարք հեռուստալիքներով սփռված ծանոթության ծառայության գովազդն անբարեխիղճ է:

2004թ. ապրիլի 9-ին ՀՀ վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների վճիռը, որով բավարարվել էր Քրիստինա Տերյանի հայցն ընդդեմ «Թելեպլաս» ՍՊԸ-ի եւ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի:

Դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ Քրիստինե Տերյանի անչափահաս որդին չէր օգտվի ծանոթության ծառայությունից, եթե գովազդում լիներ առաջարկվող ծառայությունների նկարագիրը, դրանց սակագինը նրա համար լիներ պարզ եւ ընկալելի: Քրիստինա Տերյանը, եւ նաեւ մյուսները, որոնք նմանատիպ հիմքով կդիմեն դատարան, կազատվեն վճարման պարտականությունից:

Դատարանի որոշումից հետո, Քրիստինա Տերյանի հեռախոսն արդեն միացվել է:

Ըստ Հայաստանի PR ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանի, կոնկրետ դժվար է ասել, թե քանի քաղաքացի է վնաս կրել «Թելեփլաս»-ի անբարեխիղճ գովազդի պատճառով:

Օգտվողների մի մասը չի ցանկացել դատարան դիմել, մի մասն էլ երեւի կրած վնասը լուրջ չի համարել,- «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Արման Սաղաթելյանը:

Ըստ «ԱրմենՏելի», հայցվորների թիվը 200 է: «Ծանոթության ծառայությունից» օգտվելու հետեւանքով յուրաքանչյուր բաժանորդի հաշվին կուտակվել է մինչեւ 1մլն դրամ: Ի դեպ, դժվար է նաեւ ասել, թե այս գովազդի անբարեխղճության պատճառով քանի չափահաս է «Թելեփլաս» -ի «ծուղակն ընկել»:

Բացի այդ, անհնար է կանխատեսել՝ արդյոք այդ պարագայում Հայաստանի դատարանները վերստին անբարեխիղճ կճանաչեի՞ն հիշյալ գովազդը: