ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԸ ԿԻՐԱՌՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն շվեդական «Սվիդսըրվեյ» ընկերության հետ հրավիրել էր սեմինար՝ «Հիփոթեքային վարկավորման նպատակով անշարժ գույքի կադաստրի զարգացումը եւ անշարժ գույքի կադաստր- բանկային համակարգ կապի բարելավումը» թեմայով:

Սեմինարի նպատակն է ներկայացնել Հայաստանի ներկա իրավիճակը, ցուցադրել արեւմտյան երկրների փորձը եւ քննարկել Հայաստանում կադաստրի եւ հիփոթեքային վարկավորման համակարգերի միջեւ համագործակցության հետագա հնարավոր զարգացումները:

Կենտրոնական բանկի պահանջով հարցման են ենթարկվել քաղաքացիները:
«Հարցվողների 46.7%- ը ցանկանում է բնակարան գնել հիպոտեկային վարկով։ Բնակարանդ գրավ ես դնում եւ հաջորդ ամսվանից մուծում ես տոկոսը։ Մեզ մոտ վարկերը կարճաժամկետ են 3-ից 5 տարի, իսկ կլասիկ հիփոթեքը, որը մեզ մոտ դեռ չկա, մարվում է 15, 20, 30 տարի հետո», – ասում է Կենտրոնական բանկի Բանկային համակարգի զարգացման հետազոտությունների բաժնի պետ Մհեր Եդիգարյանը:

Եթե քաղաքացին ցանկանում է նաեւ ավտոմեքենա ձեռք բերել, սակայն դեռ չի մարել մյուս վարկը, կարող է նորից տունը գրավ դնել, եւ մեքենա ձեռք բերել:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեն ամեն ամիս տեղեկատվություն է տպագրելու անշարժ գույքի գների վերաբերյալ: