Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՆՈՐ ՁԵՎ

Սպորտ

Վերջին տարիների ընթացքում միջազգային խաղերում լրագրողների հավատարմագրման հետ կապված բավականին դժվարություններ էին առաջանում: ՀՖՖ մամուլի քարտուղարությունը մշակել հավատարմագրման նոր տարբերակ, որ ավելի կհեշտացնի մարզական լրագրողների աշխատանքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունն անցկացնում է մարզական լրագրողների, հեռուստալրագրողների, ֆոտոլրագրողների հավատարմագրում` 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում ս.թ. օգոստոսից մեկնարկող Հայաստանի Ազգային հավաքականի, ինչպես նաեւՀայաստանի մինչեւ 17, մինչեւ 19, մինչեւ 21 տարեկանների Ազգային հավաքականների,Հայաստանի Անկախության գավաթի եզրափակիչ եւ Սուպերգավաթի խաղերի լուսաբանման համար:

Ոչ մարզական ուղղվածության ԶԼՄ-ները կարող են հավատարմագրել մարզական մեկ մեկնաբանի, մեկ ֆոտոլրագրողի, մեկական հեռուստառադիոլրագրողի եւ մեկ հեռուստաօպերատորի:

Մարզական ուղղվածության ԶԼՄ-ները` մարզական երկու մեկնաբանի եւ մեկ ֆոտոլրագրողի, մեկական հեռուստառադիոլրագրողի եւ երկու հեռուստաօպերատորի: Հավատարմագրման համար մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ, ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնել.
-Գրություն ԶԼՄ ղեկավարի անունից
-3X4 չափի 1 լուսանկար` լրագրողների համար
-Բացառությամբ մարզական ուղղվածության լրատվամիջոցների, մյուս ԶԼՄ-ները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ իրենց կողմից հայկական ֆուտբոլի լուսաբանումը հավաստող հրապարակումներ, հաղորդումներ, լուսանկարներ:
-Օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՖՖ մամուլի քարտուղարություն պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ ԱԳՆ հավատարմագիրը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՖՖ մամուլի քարտուղարություն, 53 40 72 հեռախոսահամարով:

Նշված ժամկետում հավատարմագրման համար հայտ չներկայացնող լրատվամիջոցները հետագա հավատարմագրման ենթակա չեն: