Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ 19 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ

Սպորտ

Ինչպես ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տեղեկացրել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի մարզիչ է նշանակվել Վարդան Մինասյանը: Մինչ այս նշանակումը, այդ պաշտոնը զբաղեցնում էր ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկան, որի Հայաստանում աշխատելու պայմանագրային ժամկետը լրացել է, եւ Միխայ Ստոյկան մեկնել է հայրենիք` այլ աշխատանքի անցնելու:

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների նորանշանակ մարզիչ, հայ ֆուտբոլասերին քաջ հայտնի Վարդան Մինասյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 5-ին, Երեւանում: 1992 / 98 թվականներին Վարդան Մինասյանը հանդես է եկել «Փյունիկ» թիմի կազմում: 1998-ից 2000թվականների ընթացքում խաղացել է Սանկտ-Պետերբուրգի «Լոկոմոտիվում»: Վերադառնալով Հայաստան, 2001 / 03 թվականներին կրկին համալրել է «Փյունիկի» շարքերը:

2003 / 04 թվականների ընթացքում Վ. Մինասյանը «Փյունիկում» աշխատել է որպես մարզիչ: Վարդան Մինասյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականներում: 1994 / 96 թվականների ընթացքում խաղացելէ երիտասարդական հավաքականում, իսկ ազգային հավաքականի պատիվը պաշտպանել է 1996 / 97 եւ 2001 / 03 թվականների ընթացքում: Վարդան Մինասյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2003թվականին:

Հավաքականների ուսումնամարզական աշխատանքները համակարգող, Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի հետ մինչեւ 19 տարեկանների հավաքականում Վարդան Մինասյանից բացի կաշխատեն նաեւ Ռուբեն Բրիտեսը, Ստեֆան Տիրանն ու Արմեն Ավագյանը: