«Մշո ճառընտիրը» հառնեց Երեւանում
Երևանի կենտրոնն այսօր համալրվեց ևս մի արձանով։ Հեղինակը ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին է։ Երևանի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղադրված արձանը ներկայացնում է հայոց ամենամեծ ձեռագիր գրքի՝ «Մշո ճառընտիրի» պատմությունը։
Երկու հայ կին Մեծ եղեռնի գաղթի ճամփին մի քանդված վանքում գտնում են ձեռագիրը և վերցնում իրենց հետ։ Քանի որ գիրքը մեծ էր և ծանր, նրանք այն բաժանում են երկու մասի և այդպես բերում Արևելյան Հայաստան։ Քանդակագործը պատկերել էր երկու կանանց՝ «Մշո ճառընտիրը» բռնած։
«Ցանկանում եմ, որ այս արձանն իմ ժողովրդի համար դառնա հավատի խորհրդանիշ»,- ասաց քանդակագործ Դավիթ Երևանցին։ Նա լրագրողներին հայտնեց, որ արձանի պատվերը ստացել է Սերժ Սարգսյանից, որը ներկա էր բացմանը։
Արարողությանը ներկա էին նաեւ Մշակույթի նախարարը, «Երևանը՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակվելու միջոցառումների համար Թայլանդից և Արգենտինայից ժամանած հյուրերը, հայ մշակույթի գործիչներ ու արվեստագետներ։