Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԳՏԱԿԱՐ ՍԵՄԻՆԱՐ ՈՒԵՖԱ-ԻՑ

Սպորտ

Մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Հունաստանի Կրետե կղզում կայացան ՈՒԵՖԱ-ի թվով 14-րդ մարզչական դասընթացները: Դասընթացներին մասնակցելու նպատակով Հունաստան էր մեկնել նաեւ Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Վերջինս ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում նշել է, որ ֆուտբոլային այդ համաժողովին ներկա են եղել մի շարք անվանի ֆուտբոլային մասնագետներ, որոնք էլ դասընթացների ժամանակ հանդես են եկել ելույթներով, մասնակիցներին ներկայացնելով հատկապես ֆուտբոլային ու մարզչական փիլիսոփայությանը վերաբերող հիմնախնդիրներ:

Մարզչական եւ ֆուտբոլային փիլիսոփայության թեմաներով ելույթ է ունեցել ֆուտբոլային աշխարհին քաջ հայտնի իտալացի տեսուչ Ֆռանկո Ֆեռարին: Նույն խնդրի շուրջ խոսել է նաեւ գերմանացի մասնագետ, ներկայումս Հունաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ռեհագլը:

Մարզչական փիլիսոփայության հիմնախնդիրների վերաբերյալ հետաքրքիր առաջարկություններով հանդես է եկել ճանաչված ֆուտբոլային մասնագետ` Գերմանիայի եւ Կանադայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Հոլգեր Օսիեքը:

«Աշխարհի ֆուտբոլ» ծրագրի վերաբերյալ ելույթ է ունեցել Հունգարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոզեֆ Վենգլոշը: Շվեյցարական ֆուտբոլի փիլիսոփայության մասին խոսել է այդ երկրի Ազգային հավաքականի մարզիչ Քյուբի Կուհնը:

Անգլիական ֆուտբոլային կուլտուրայի մասին հետաքրքիր ելույթով հանդես է եկել անգլիական ֆուտբոլի տեխնիկական գծով կոորդինատոր Ռոբին Ռուզելը:

Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքերով, սեմինարը լիովին ծառայել է իր նպատակին եւ, որ ամենակարեւորն է, ֆուտբոլի վերաբերյալ մարզչական նոր հայացքների ձեւավորման առիթ հանդիսացել: