Հանուն կանանց, ընդդեմ Երեւանի աղավաղման (տեսանյութ)

«Հուշարձաններն անձեռմխելի են», «Բավական է աղավաղել քաղաքը», «Հանրայինը՝ ետ հանրությանը» բովանդակությամբ պաստառներով այսօր մի խումբ ճարտարապետներ, հասարակական կազմակերպություններ և շարքային քաղաքացիներ միացել էին «Դանակը ոսկորին» կարգախոսի ներքո, ի պաշտպանություն մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձանների:

«Երևանն ունի հին պատմություն և այսօր յուրաքանչյուրս պետք է պահենք ու պահպանենք մեր, մեր երեխաների, մեր հետագա սերունդների համար: Երևանը չի սկսվում հյուսիսային պողոտայից, 2000 թվականից սկսվեց Երևանի կենտրոնի պատմամշակութային հուշարձանների ոչնչացում, ավելի քան 30 պատմամշակութային հուշարձան է քանդվել և ոչ մեկը չի վերականգնվել: Մենք այսօր պահանջում ենք ձեռք չտալ այն 9-ը պատմամշակութային հուշարձաններին, որոնք կառավարության որոշմամբ պետք է տեղափոխվեն այլ վայր: Կառավարությունն իրականացնում է հակաօրենսդրական քայլ՝ չի կարելի հուշարձանները քանդել, առհասարակ տեղափոխել»,-«Ա1+»-ին հայտնեց «Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

Ակցիայի մասնակիցներն այս միջոցառումը նվիրում են իրենց սիրելի մայրերին, քույրերին, կանանց և աղջիկներին: Նրանք երթով Թամանյանի արձանի մոտից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, միջոցառման մասնակիցներին ուղեկցում էին նաև 10-ից ավելի հեծանվորդներ եւ հասարակական կարգի պահպանության նպատակով՝ մի քանի ոստիկաններ։

«Ազատության հրապարակի շուրջը կդիտենք աղավաղված շրջակայքը, կանաչ տարածքները՝ որպես քաղաքի աղավաղման փայլուն օրինակ, այնուհետև կշարժվենք դեպի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ, Աֆրիկյանների տուն, քանդվող արդարադատության նախարարության շենք, հետո երթը կշարունակենք դեպի Սպայի տուն, որը նախկինում եղել է իգական Գայանյան վարժարան և վերջում` Մաշտոցի այգի»,- տեղեկացրեց Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: