ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒԻՆ

ԱԺ-ի նախորդ եռօրյայի ժամանակ պատգամավորներին ներկայացվեց «Աշխատանքային նոր օրենսգիրքը»: Այն ներկայացրեց արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը:

Սակայն հավանաբար հաշվի առնելով օրենսդիրների պասիվությունը, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովը` Գագիկ Մխեյանի գլխավորությամբ այսօր խորհրդարանում կազմակերպել էր լսումներ, որոնք, ըստ Մխեյանի հնրավորություն կտան կատարելագործել օրինագիծը:

«Աշխատանքային օրենսգրքի» նախագիծը այսօր եւս ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը: Լսումներին մասնակցում էին տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների անդամներ, որոնք իրենց առաջարկություններն արեցին օրինագծի հետ կապված: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը տեղեկացրեց, որ հաշվի կառնվեն իրենց առաջարկությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը պետք է լրամշակվի եւ ապա դրվի խորհրդարանի դատին:

Հիշեցնենք, որ մինչ այժմ գործատու-գործառու հարաբերությունները կարգավորվում են 1972 թվականին ընդունված «Աշխատանքային օրենսգրքով», ինչն այսօրվա պայմաններում` շուկայական հարաբերությունների ու ազատ տնտեսական մրցակցության պայմաններում բավականին հնացել է: Առաջարկվող օրինագիծն, ըստ դրա հեղինակների, պատշաճ կերպով կարգավորում է գործատու-գործառու փոխհարաբերությունները:

Իսկ գործառուի իրավունքները կպաշտպանի ոչ միայն պետությունը, այլեւ այդ գործով ակտիվ կզբաղվեն արհեստակցական միությունները: