Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Ակսել Բակունցը

Հասարակություն
8d04dd83ea7cf520bd07a4be3d8dca7e


65 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի հիմնադիր Ակսել Վահանի Բակունցը:

Ակսել Բակունցը ծնվել է 1946 թ. նոյեմբերի 22-ին Երևանում:
Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` կոնտրաբասի դասարանում:

Տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները:
Հանդիսացել է «Հայհամերգի» գեղարվեստական ղեկավար:
Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի:

2006 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
2010 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Բազմիցս հայ էստրադային արվեստը ներկայացրել է արտերկրում:

Ակսել Բակունցը Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից էր: Որպես էստրադային արվեստի գործիչ ճանաչված էր ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային միությունում և արտերկրում: Նա մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում, որի ամենամեծ վկայությունը հանրապետության ջազային արվեստի կադրերի դարբնոց դարձած Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի գործունեությունն է:

Իր 30-ամյա մանկավարժական գործունեության ընթացքում նա կրթել է բազմաթիվ բարձրակարգ երաժիշտների, որոնք այսօր իրենց գիտելիքներն ու փորձն են փոխանցում նոր սերնդին:
Վաստակաշատ երաժիշտ-մանկավարժի հիշատակը վառ կմնա հայ արվեստասեր հասարակության հիշողության մեջ:

Ակսել Բակունցի մահվան կապակցությամբ ստեղծվել է պետական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ:

Անվանի երաժիշտ-մանկավարժի հոգեհանգիստը տեղի կունենա Երևանի Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում` հունվարի 14-ին ժ. 18.00, հրաժեշտի արարողությունը` հունվարի 15-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` ժ. 12.00-14.00:

Այս մասին հայտնում է Կառավարական հանձնաժողովը։