Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԵՐ ՊՐՈԲԼԵՄՆԵՐՆ Ո՞Վ Ա ԼՈՒԾԵԼՈՒ»

Տնտեսություն

ԱրմենՏել եւ ԱՐՄԻՆԿՈ հարաբերությունները ավելի քան սրված են, ադ մասին այսօր հայտարարեց Արմինկո-ի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը՝ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Պրն Ալեքսանյանի որակմամբ, հունական ընկերությունը պրովայդերների եւ հատկապես Արմինկո-յի նկատմամբ «հատուկ մտածված չկամեցողություն» է ցուցաբերում: Այսինքն անընդհատ ձգձգում է խոստացված կապուղիների տրամադրումը:

Արմինկո-ն երկու ամիս առաջ նամակ է ուղարկել հույներին, խնդրելով տրամադրել լրացուցիչ կապուղի: Ստանալով դրական պատասխան, թե կստանաք մեկ ամսից՝ ժամկետը վաղուց է լրացել: Պրովայդերը պարզել է, որ կապուղին ԱրմենՏելը արդեն ձեռք է բերել, սակայն հույների Հայաստանից բացակայության պատճառով, Արմինկո-յին այն առայժմ չի տրվի:

Խնդիրը թերեւս դժգոհության տեղիք չտար, եթե չլիներ այդ կապուղին ձեռք բերելու համար կնքված պայմանագիրը, կամ ինչպես ասաց պրն Ալեքսանյանը՝ «ստարկացուցիչ պայմանագիրը»:

Պարզվում է, որ Արմինկո-ն մոտակա վեց ամսվա ընթացքում իրավունք չունի խզել այն, հակառակ դեպքում պարտավոր է վճարել կապուղին ձեռք բերելու դիմաց, ԱրմենՏելի վճարած գումարը: Նման գործելաոճը ֆինանսական դժվարությաունների առաջ է կանգնեցնում պրովայդերներին:

Անդրանիկ Ալեքսանյանի մոտավոր հաշվարկներով միայն Արմինկո-յին ԱրմենՏելը պարտք է մեկ մլն. դոլար:

Հաջորդ խնդիրը վերաբերում է պրովայդերների կողմից ստեղծված ենթակառուցվածքներին, այսինքն Երեւան քաղաքի տարածքով անցկացված մալուխներին: ԱրմենՏելը հայտարարել է, որ դրանք անօրինական են եւ պատրաստվում է քանդել դրանք:

Արմինկո-յի տնօրենը հավաստիացրեց, որ բոլոր տիպի ենթակառուցվածքները ստեղծվել են բացառապես ԱրմենՏելի իմացությամբ, թույլտվությամբ եւ պայմանագրերով: Հունական ընկերության նման տրամադրությունը թերեւս հասկանալի է՝ «զրկվում է թիվ 60 լիցենզիայից եւ այլն», ասում է պրն Ալեքսանյանը, որին մտահոգում է ընկերության հետ ունեցած հետագա քայլերը:

Արմինկոյի տնօրենը հայտարարեց, որ այսօրինակ խնդիրները չլուծվելու դեպքում իրենք ստիպված են խզել կապը ԱրմենՏելի հետ եւ վերոնշյալ խնդիրների վերաբերյալ հարուցել դատական գործ: