Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ՉՄԱՆՐԱՄԱՍՆԵՑ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Քաղաքականություն

Այսօր Լոռու մարզ էր այցելել «Արդարություն» դաշինքը Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ալավերդցիները, Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը տիտանական աշխատանքներ է տարել ազգաբնակչության մասնակցությունը խանգարելու ուղղությամբ:

Ըստ ալավերդցիների, նման աշխատանքներ է տարել նաեւ մարզի ազգային անվտանգության վարչությունը եւ ոստիկանությունը:

Ավելին, երեկ մարզպետ Հենրիկ Քոչինյանը Ալավերդիի հիմնարկ ձեռնարկություններ այցելելիս հայտարարել է, որ նրանք, ովքեր կմասնակցեն դաշինքի հանրահավաքին, «իրենց տեղում չեն աշխատի»:

Քոչինյանը հանդիպել է քաղաքի Հյուսիսային համալսարանի ուսանողների հետ եւ վստահեցրել, որ երկիրն անշեղորեն զարգանում է:

Մինչդեռ ինչպես տեղեկացանք, վերջին երկու տարում Ալավերդիի եւ Թումանյանի տարածաշրջանում ոչ մի աշխատատեղ չի ավելացել, նախկին «Մանեքս-Վալեքս» ձեռնարկությունում փակվել է մոտ 500 աշխատատեղ: Այսօր այդ գործարանում աշխատում է մոտ 400 մարդ, որից 300-ն, ըստ Ալավերդու ՀԺԿ կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի, աշխատում են Ղարաբաղի Դրմբոն գյուղի հանքերում:

Հանրահավաքին մասնակցում էր մոտ հազար մարդ:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ալավերդցիներին տեղեկացրեց, որ իշխանափոխությունը մոտենում է եւ առաջին հերթին իբրեւ հանցագործ պատասխանատվության է կանչվելու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որը, ըստ պատգամավորի, տրանսպորտի նախարար աշխատած ժամանակ յուրացրել է 16 միլիոն դոլար:

Դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իշխանափոխության պահանջարկ կա ողջ երկրում։