Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՑՐՈՒՄ Է ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Սպորտ

Մարտի 5-ին Արարատի «Այգ» մարզաբազայում, ուր ուսումնամարզական հավաք էր անցկացնում Էդուարդ Գրիգորյանի անվան ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի տնօրեն Միքայել Զաքարյանի գլխավորած մինչեւ 16 տարեկանների հավաքական թիմը, տեղի ունեցավ ընկերական-ստուգողական հանդիպում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների Ազգային հավաքականի հետ, որը գլխավոր մարզիչ Սարգիս Հովիվյանի գլխավորությամբ վերջերս Պորտուգալիայում աննախադեպ պարտություններ կրեց անցկացվող միջազգային մրցաշարում:

Խաղին հետեւում էր նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Յուրաքանչյուր խաղակեսի սկզբում խփելով մեկական գոլ, խաղը շահեցին Ս. Հովիվյանի սաները:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խաղից հետո հանդիպման վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ՀՖՖ մամուլի քարտուղարությանը: Ռուբեն Հայրապետյանն իր հիասթափությունն արտահայտեց խաղից, փաստելով, որ «մեր պատանիները գտնվում են խայտառակ վատ մարզավիճակում: Պատանի ֆուտբոլիստների մոտ իսպառ բացակայում է թե ֆիզիկական պատրաստականությունը, թե խաղային կարգապահությունը»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց նաեւ, որ ինքը ցրում է Սարգիս Հովիվյանի գլխավորած հավաքականը, եւ այն որպես այդպիսին այլեւս գոյություն չունի: «Կձեռնարկվեն շուտափույթ միջոցներ, կձեւավորվի նոր հավաքական եւ կնշանակվի նոր մարզիչ, որն էլ կփորձի կարճ ժամանակում ստեղծել թիմ»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: