Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերը թալիշերեն այբուբեն են մշակել

Հասարակություն
06a0792abae25b4fdd761f865d1ce37a

Հայաստանցի գիտնականները թալիշերենի այբուբենի նախագիծ են մշակել։ Միջնադարյան Ավեստայի գրերի հիմքի վրա ստեղծված 7 ձայնավոր եւ 22 բաղաձայն հնչյուններ պատկերող նշաններից բաղկացած այբուբենն այսօր Երեւանում մեկնարկած թալիշագիտական 2-րդ միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացրեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը։

Գիտնականը նշեց, որ Ադրբեջանի հանրապետության հարավում եւ Իրանի հյուսիսում բնակվող թալիշները մինչեւ Այսրկովկասում Խորհրդային կարգերի հաստատումը օգտագործում էին արաբական գիրը։

1928 թվականից ԽՍՀՄ-ում բնակվող թալիշները օգտագործել են լատինատառ այբուբենը։ «Այնուհետեւ, 30-ականներին խորհրդային կառավարության՝ ազգերի ձուլման քաղաքականության համատեքստում թալիշները պետք է «կամավոր» կերպով ներգրավվեին ձեւավորվող ադրբեջանական ժողովրդի մեջ, այդ պատճառով թալիշերեն գիրը արգելվեց», - ներկայացրեց Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա, Ադրբեջանի անկախացումից հետո, թալիշներին առաջարկվեց թուրքական լատինատառ գիրը, ինչը նպաստում էր ադրբեջանցի թյուրքերի հետ թալիշ ժողովրդի ձուլմանը։

Թալիշերենի նոր այբուբեն ստեղծելու գաղափարն առաջ է քաշվել 2005թ. Ծաղկաձորում տեղի ունեցած թալիշագիտական 1-ին գիտաժողովի ընթացքում։ Հայ գիտնականները ծրագիրն իրականացնելու ընթացքում համագործակցել են միջազգային փորձագետների հետ։

Այդուհանդերձ, իրանագիտության պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց, որ թալիշական նոր այբուբենի գործնական կիրառումը կապված է որոշակի տեխնիկական, առավելեւս քաղաքական բարդությունների հետ։

ՀՀ Նախագահի աշխատակազմի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովին մասնակցում են շուրջ 50 գիտնականներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Կանադայից, Ռուսաստանից։

Գիտաժողովի ընթացքում ընթերցվեց թալիշ հասարակական գործիչ, Ադրբեջանից արտաքսված եւ Ռուսաստանում բնակվող Ֆարհադդին Աբոսզոդայի ուղերձը, որում հայտնի գործիչը խորհրդանշական է համարում Հայաստանում թալիշագիտության խնդիրների արծարծումը։ «Առանց մեր հարեւանների ուժերի համախմբման, մենք չեք կարող լուծել մեր ազգային ինքնագիտակցության եւ լեզվական իրավունքներին վերաբերվող խնդիրները եւ հասնել Թալիշի անկախության վերականգնմանը», - նշել է հայտնի Ֆարհադդին Աբոսզոդան։

Մեծ Բրիտանիան ներկայացնող, ծագումով իրանցի պրոֆեսոր Ալի Գրանդմայեն իր հերթին, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի գիտությունը դեռ խորհրդային տարիներից աչքի է ընկել իր ազատական մտածելակերպով, եւ պատահական չէ, որ տարածաշրջանի՝ ինքնավարությունից զուրկ եւ ձուլման եզրին գտնվող ժողովուրդների խնդիրների գիտական քննարկման ասպարեզ է ընտրվում հենց Հայաստանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-30-ը Երեւանում անցկացվեց Թուրքիայում բնակվող զազա ժողովրդի խնդիրներին նվիրված գիտաժողով։

Պրոֆեսոր Գրանդմայեն անդրադարձավ նաեւ Արեւելյան Այսրկովկասի եւ Հյուսիսային Իրանի բնակչության թյուրքացման խնդրին՝ ի հաշիվ բնիկ իրանական եւ կովկասյան ժողովուրդների։

Նրա խոսքերով, Առանի (այժմյան Ադրբեջանի հանրապետության - խմբ.) տարածքում արմատավորված թուրքերը ջանում են թյուրքացնել բնիկ տեղանունները։ «Դուք՝ հայերդ, բավական երջանիկ եք, որ կարողացել եք պահպանել Արցախի բնիկ տեղանունները», - նշեց նա։

Կանադացի իրանագետ Քարե Ֆարրոխը իր ելույթում ներկայացրեց 200 տարվա ընթացքում Արեւելյան Այսրկովկասի թյուրքացման քաղաքական շարժառիթները։ Նրա խոսքերով, 1826-28թթ ռուս-պարսկական վերջին պատերազմից հետո նախ ռուսական ցարիզմը, ապա՝ երիտթուրքերը, երկրամասը Պարսկաստանի քաղաքական եւ մշակութային ազդեցության ոլորտից դուրս բերելու նպատակով նսեմացրել են իրանական մշակույթն ու լեզուն՝ ոտնահարելով տեղի ժողովուրդների (թալիշներ, ազերիներ, թաթեր եւն) իրավունքները։

«Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը, Ադրբեջան (Ատրպատական, Ատուրպատկան) կոչվել է բացառապես Արաքս գետից հարավ գտնվող երկրամասը»,- շեշտեց գիտնականը։ Նրա խոսքերով, առաջին աշխարհամարտից հետո պանթյուրքիստները Արաքսից հյուսիս, պատմական Աղվանքի (Առան) տարածքում ձեւավորվող պետության անունը դրեցին Ադրբեջան, որպեսզի հետագայում իրագործեն բուն Ատրպատականի նկատմամբ ունեցած հավակնությունները։ Այս քաղաքականությունը ժառանգեցին նաեւ Խորհրդային իշխանությունները, որպես Իրանի հետ հարաբերություններում ազդեցության լծակ։