Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱ

Տնտեսություն

«Այբ-Ֆե» շաբաթաթերթից

Հայրենի պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների համար սովորական են դարձել կոռուպցիայի եւ դրա դեմ պայքարի մասին վերացական խոսակցությունները: Կոռուպցիայի դեմ պայքարի գործում իրենց «Դոն Քիշոթ» պատկերացնողները իրենց համար ստեղծել են նաեւ վերացական «հողմնաղացներ»` դպրոցի ուսուցիչների եւ բժիշկների տեսքով:

Մինչդեռ իրական կոռուպցիայի վառ օրինակը ոչ մեկը չի փորձում նկատել եւ դեպքը կրկնվում է ամսեամիս: Կոռուպցիայի դեմ պայքարողները թերեւս իրենց հարց չեն տվել, ինչո՞ւ օրինակ` Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչները մի քանի օր առաջ փակեցին մայրուղին:

Մի՞ թե միայն գյուղի հոսանքազրկման համար: Իհարկե, ոչ: Պատերազմական մթնոլորտի թոհուբոհի մեջ բոլորի կողմից անտեսվեց գյուղացիների այն հայտարարությունը, որ ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց իրենց ներկայացված հաշիվները չեն համապատասխանում իրականությանը: Եւ ինչո՞ւ ուշադրություն դարձնեն:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամեն անգամ էլցանցերը ինչ որ ձեւով պետք է լուծեն «կորուստների» խնդիրը: Դրա համար էլ ամեն ամիս օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց ներկայացվող վարձավճարներին, որպես կանոն, հավելվում է «չնչին»` օրինակ, հազարից մինչեւ երեք հազար դրամ լրացուցիչ գումար: Ամեն ինչ բացահայտվեց այն բանից հետո, երբ բնակիչներն ստացան հունվարին օգտագործած էլեկտրաէներգիայի հաշիվները:

Փաստաթղթերում առաջին հայացքից ամեն ինչ օրինական է, այնպես որ անուշադիր քաղաքացիները` հատկապես անջատումների մասին սպառնալիքը կարդալուց հետո, ստիպված են գումարը հայթայթել եւ մուծել: Այդուհանդերձ, զավեշտալի բաներ են պարզվում, երբ փորձում ես ուսումնասիրել մի կտոր թղթի վրա գրած թվերը:

Օրինակ` Պարոնյան փողոցի շենքերից մեկում, պարզվում է, բոլոր բնակիչներն առանց բացառության, ըստ ներկայացված փաստաթղթի, հունվարին որոշել են ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործել, քան դեկտեմբերին:

Ի դեպ, բաժանորդները զարմանում են, որ 2003 թվականի եւ 2004 թվականի հունվարների վարձավճարների թիվը, գրեթե, բոլորի մոտ կրկնվում է, ինչպես նաեւ դեկտեմբեր-հունվար ամիսների միջեւ տարբերությունը կազմել է 5000-16000 դրամ: Թե ինչո՞ւ կտրուկ ավելացավ էլեկտրաէներգիայի սպառումը մի շենքում, որը նույն հունվար ամսից սկսած գազաֆիկացվել է` այդպես էլ պարզ չէ:

Էլցանցի տեղամասային տեսուչը այդ առեղծվածը բացատրում է նրանով, որ «հունվարի ցուցմունքը մի քանի օր ուշացումով են արձանագրել»: Բացատրություն տվողը, հավանաբար, զլանում է միաժամանակ հաշվարկել նաեւ, թե լրացուցիչ երկու օրվա ընթացքում բնակիչը ինչպե՞ս պետք է օգտագործի էլեկտրաէներգիան, որպեսզի, ասենք, իր վարձավճարից 16 000 դրամ ավելի գումար ծախսի:

Ի դեպ, էլեկտրաէներգիայի վարձավճարների նմանատիպ «պատկերը» կրկնվում է ամբողջ հանրապետությունում: «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի լադունչիկը նշում է, թե հնարավոր չէ բաժանորդներից գանձել պարզապես «ավելացված» հավելյալ գումարներ:

Սակայն, էլեկտրացանցի աշխատակիցների հետ ոչ պաշտոնական զրույցներից պարզվում է, որ գոյություն ունեն առնվազն մեկ տասնյակից ավելի ձեւեր, որպեսզի հաշվիչներն «արագ» պտտվեն եւ ցույց տան անհրաժեշտ թիվը: Համակարգի աշխատողները նաեւ չեն ժխտում, որ բաժանորդների իրական վարձավճարներին հավելել են շուրջ 30 տոկոս լրացուցիչ գումար: Դա արվել է ողջ հանրապետությունում եւ դա, անշուշտ, չի արվում տեղամասային տեսուչի քմահաճույքով:

Տեսուչների հավաստմամբ իրենց հանձնարարվում է վարձավճարների գանձման «քվոտա», եթե այն չի կատարվում` տեսուչը ստիպված է դառնալ գործազուրկ: Այս դեպքում, եթե հերթական անգամ պատժվի տեսուչը, նորից կդառնա պայքար «հողմնաղացների» դեմ, իսկ իրական կոռուպցիայի պատճառը կշարունակի մնալ տեղում:

Լենա ԲԱԴԵՅԱՆ