Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎԸ ԿԿՐՃԱՏՎԻ

Տնտեսություն

«Մեր բաժնետերերը կարող են հանգիստ լինել», - փետրվարի 13-ի ասուլիսում նշեց Հայէկոնոմբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` տեղեկացնելով, որ 2003թ. բանկի բաժնետոմսերի արժեքը ավելացել է:

Գործադիր տնօրենը նշեց, որ անցած տարի բանկի ընդհանուր կապիտալը աճել է 64%-ով, իսկ 2005թ. նախատեսվում է այն հասցնել 7 մլ. դոլարի: Այսինքն` 2 մլ. դոլարով գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած շեմը:

Ընդհանուր առմամբ, Աշոտ Օսիպյանի կարծիքով, այդ շեմը կարելի է բարձրացնել: Իսկ նրա կանխատեսմամբ` ներկայիս 20-ի փոխարեն 2005թ. կլինեն մոտ 11 բանկեր:

«Մեզ հզոր եւ կայուն բանկեր են անհրաժեշտ», - նշեց Աշոտ Օսիպյանը:

Ըստ գործադիր տնօրենի` անցած տարվա նշանակալի ձեռքբերումներից է կոմունալ, ինչպես նաեւ Easy-card-ի վճարումները բանկոմատներով կատարելու ծրագրի ներդրումը:

Իսկ Arca պլաստիկ քարտերի շուկայի 57%-ը գրավում է Հայէկոնոմբանկը, որը 2003թ. ունեցել այդ քարտի 14233 հաճախորդ:

Աշոտ Օսիպյանը հայտնեց, որ 50%-ով 2003թ. աճել են վարկային ներդրումները` վարկավորվել են 1210 տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 4160 հոգու տրվել են սպառողական վարկեր:

Հայէկոնբանկի գործադիր տնօրենը տեղեկացրեց, որ իրենք նաեւ գանձապահներ են պատրաստում` լրացնելով միջին մասնագիտական կրթության ասպարեզում առկա բացը: