Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՓԱԿՎԵԼ ԵՆ ՆԵՐՄԱՐԶԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մարզեր

Անցած գիշեր, ժամը 3-ից, սկսված ուժեղ քամու եւ առատ ձյան պատճառով առավոտյան ժամը 11-ից արդեն անանցանելի էին դարձել Գյումրի-Աշոցք, Գյումրի- Ամասիա, Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածները։ Երթեւեկելի էր միայն Գյումրի-Երեւան մայրուղին։

Մարզի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Մ. Մարգարյանի խոսքերով, ձյուն մաքրող մեքենաները սարքին վիճակում են եւ տեղումներից հետո ձեռնամուխ կլինեն անանցանելի դարձած ճանապարհների մաքրմանը։

«Իսկ քանի դեռ ձյուն է տեղում, ճանապարհները մաքրելն անիմաստ է»,- ասում է Մարզպետունի Մարգարյանը։

Գյումրու ավտոկայանից հայտնեցին, որ ժամը 12-ին Վանաձորից Գյումրի միկրոավտոբուս էր եկել, որն ամենայն հավանականությամբ, այսօր չի կարողանա վերդառնալ։

Օրվա կեսից արդեն դժվարանցանելի էին նաեւ Արթիկի տարածաշրջանի գյուղերը Գյումրու հետ կապող ճանապարհները, բայց Գյումրի-Երեւան մայրուղին երթեւեկելի էր։

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին ճանապարհատրանսպորտային որեւէ պատահար եւ ճանապարհներին մեքենաների մնալու դեպքեր չեն արձանագրվել։

Հայ հիդրոմետ վարչության կանխատեսումներով առաջիկա շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը մոտ 10 աստիճանով նվազելու է։

Մինչեւ փետրվարի 15-ը լեռնային շրջաններում կգրանցվի մինչեւ 25 աստիճան ցուրտ։ Այս ժամանակաընթացքում մեջընդմեջ սպասվում են տեղումներ։

«ՑԱՅԳ» հեռուստաընկերություն