Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՐԱՍՏԱՆԻ՞ ԹԵ՞ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Տնտեսություն

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացումը հսկայական օգուտ կտա մեր երկրի բեռնափոխադրումների հարցին:

Այս կարծիքը այսօր Կառավարությունում արտահայտեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը:

Ըստ նրա, այս հարցում Վրաստանը հանդես է գալիս մենաշնորհի կարգավիճակով, որի պատճառով նա թելադրում է Հայաստանին այն սակագինը, որը ցանկանում է. «Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում, Հայաստանը տարանցիկ երկրի իրավունքներ կստանձնի եւ ինքը արդեն կորոշի բեռնափոխադրումների սակագների հարցը: Այս դեպքում Հայաստանի համար սակագները ավելի էժան կլինեն»:

Պարոն Մանուկյանի հավաստմամբ, այս հարցը լուծելու համար մի շարք միջազգային կազմակերպություններ ճնշում են գործադրում Թուրքիայի վրա:

Պարոն Մանուկյանը դրական արտահայտվեց «Լինսի» հիմնադրամով կատարված բոլոր ճանապարհաշինարարական աշխատանքների վերաբերյալ:
Ըստ նրա, արձանագրվել են նաեւ թերություններ, սակայն դրանք շատ չնչին են եղել:

Նախարարը խոսեց նաեւ Հայաստան-Աբխազիա երկաթգծի մասին, ըստ նրա, հարցը կլուծվի այն դեպքում, երբ բոլոր փախստականները կվերադառնան Աբխազիա: