Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Սպորտ

Այսօր ՀՖՖ-ի մանկապատանեկան ֆուտբոլի պատասխանատու Արթուր Աբրահամյանը հանդիպեց լրագրողների հետ եւ ներկայացրեց, թե ինչ հարցեր են քննարկվել հունվարի 28-30-ը Գերմանիայում կայացած մանկապատանեկան ֆուտբոլի հերթական կոնֆերանսի ժամանակ:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ առաջարկել են ՈՒԵՖԱ-ին մինչեւ 17 եւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը ներկայիս 8-ի փոխարեն անցկացնել16 թիմերի մասնակցությամբ, որպեսզի բոլոր ուժեղագույնները հնարավորություն ստանան մասնակցել առաջնությանը:

Այս հարցը ՈՒԵՖԱ-ն կքննարկի ՖԻՖԱ-ի ներկայացուցիչների հետ: Կոնֆերանսի վերջում տեղի է ունեցել մինչեւ 17 եւ 19 տարեկանների 2005թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:

17 տարեկանների Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Հոլանդիայի, Թուրքիայի եւ Ուելսի հավաքականները, իսկ 19 տարեկանները կմրցեն Ֆրանսիայի, Մակեդոնիայի եւ Ադրբեջանի հավաքականների հետ:

Հայկական պատիվարկությունը մեծ ցանկություն է ունեցել ընտրական փուլերից որեւէ մեկը անցկացնել Երեւանում, սակայն Թուրքիայի եւ Ադրբեջանի առկայության պատճառով նպատակը իրագործել չի հաջողվել: Կոնֆերանսի ժամանակ հայկական կողմը առաջարկել է ընտրական հանդիպումները անցկացնել Երեւանում երաշխավորելով թուրքերի եւ ադրբեջանցիներր անվտանգությունը Հայաստանում, սակայն առաջարկը մերժվել է:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով մեր պատանեկան հավաքականները բավականին ուժեղ խմբերում են հայտնվել: ՀՖՖ նախագահը նշել է նաեւ, որ հայկական կողմը լիովին պատրաստ էր Երեւանում երաշխավորել Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականների անվտանգությունը:

Արդեն հայտնի են նաեւ պատանեկան հավաքակաների խաղացանկը: 17 տարեկանները հոկտեմբերի 19-28 կմրցեն Հոլանդիայում, իսկ 19 տարեկաները ասպարեզ դուրս կգան սեպտեմբերի 28-ից մինչեւ հոկտեմբերի 12-ը Մակեդոնիայում: